2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Կարևորը Երևանում երկար չմնալն է». ռուսաստանցի լրագրողը՝ Հայաստանի մասին

Ռուսաստանցի բլոգեր, լուանկարիչ Իլյա Վառլամովը Հայաստան կատարած իր այցելությունը նկարագրել ճանապարհային գրառումների տեսքով:

«Առաջին օրը, ցավոք սրտի, ամենաանհաջողն էր: Սկզբում «Արմավիան» իր քանդվող Սուպերջեթով հույսերս չարդարացրեց, այնուհետև ինձ դիմավորեցին «հյուրասեր տաքսիստները», իսկ օրվա ավարտը փչացրեց սխալ ընտրված ռեստորանը: Առաջ անցնելով ասեմ, որ երկրից ստացված առաջին օրվա բացասական տպավորությունները խաբուսիկ էին: Հայաստանը զարմանալի, հետաքրքիր և գեղեցիկ երկիր է, կարևորը Երևանում երկար չմնալն է: Պետք է անմիջապես մեքենա վերցնել ու սարեր ուղևորվել:

Երևանի օդանավակայանն այժմ կառուցվում ու վերակառուցվում է: Անձնագրային ստուգման համար ուղևորներին կանչում են էլեկտրոնային ցուցանակով: Զարմանալի է, բայց ժամանման սրահից դուրս գալուց քեզ վրա չեն հարձակվում տաքսիստները`առաջարկելով իրենց ծառայությունները: Կարծում եմ մոսկովյան օդանավակայանների ղեկավարությանը պետք է անմիջապես Հայաստան վերապատրաստման ուղարկել, որպեսզի իրենց բացատրեն, ինչպես կարելի է օդանավակայանի տարածքից դուրս բերել բոլոր ապօրինի տաքսիստներին:

Ես նախօրոք զանգահարել և տաքսի էի պատվիրել: Մինչև կենտրոն ուղևորությունը պետք է 3000 դրամ արժենար: Մոտենում եմ համապատասխան մեքենային:

- Ես տաքսի եմ պատվիրել,- դիմում եմ վարորդին:

- Գնացինք:

- Իսկ ի՞նչ արժե,- որոշում եմ ճշտել:

- Գնացինք:

- Բայց որքա՞ն արժե:

- 5000:

- Սպասեք, բայց ինձ 3000 էին ասել:

- Ի՞նչ 3000: Դու որտե՞ղ ես նման գներ տեսել: Մեզ մոտ նման գներ չկան: 5000, գնացինք:

- Դիսպետչերն ինձ ասաց, որ 3000 արժե:

- 4000-ով կտանեմ, գնացինք:

Արդյունքում մի քանի րոպե սակարկելուց հետո տաքսիստը համաձայնեց ինձ քաղաք հասցնել 3000 դրամով:

Ժամանում եմ Golden Tulip հյուրանոց: Ես նախօրոք համար էի պատվիրել կայքում, քարտիս տվյալներն էի գրանցել, հաստատում էի ստացել:

-Բարև ձեզ, մենք համար ենք պատվիրել:

-Կարելի՞ է ձեր անձնագրերը տեսնել,-աղջկան եմ տալիս փաստաթղթերը,-ձեր համար պատվեր չկա:

-Ինչպես՞ թե չկա: Ես ձեր կայքի միջոցով եմ պատվիրել:

-Ախ այդպես, դե մենք դա չգիտենք, այստեղ մենք ինտերնետ չունենք: Ձեզ ի՞նչ համար է պետք:

Նշում եմ պատվիրված համարի տվյալները, ամեն դեպքում որոշում եմ ճշտել գինը:

-Այդ համարը մեկ գիշերվա համար 90000 հազար դրամ կարժենա:

- Մի րոպե, բայց կայքում 75000 էր գրված, և ինձ պատվերի հաստատում էին ուղարկել հենց այդ գնով: Աղջկան ցույց եմ տալիս պատվերի տպված օրինակը:

- Բայց մենք այստեղ ինտերնետ չունենք: Լավ դուք զբաղեցրեք սենյակը, դուրս գալուց կորոշենք ինչ անել:

Առհասարակ Հայաստանում սիրում են ֆինանսական հարցերը ծառայության մատուցումից հետո լուծել: Այդ դեպքում վաճառողի մոտ ավելի շատ շանսեր են հայտնվում գինը բարձրացնելու, իսկ գնորդի դեպքում նվազում են այդ գինը իջեցնելու հնարավորությունները: Բայց մի հարց է տաքսին և շուկան, մեկ այլ հարց` «քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկը», ինչպես իրենք իրենց ներկայացնում են:

Հյուրանոցը անգամ չի մոտենում 5 աստղանիի չափանիշներին: Եվրոպական չափանիշների համաձայն, այն ավելի շատ միջին 4 աստղանի է: Հատկապես նյարդայնացնում է անձնակազմը:

-Քանի՞ հոգով եք այստեղ մնում - անսպասելի հարցադրումով սենյակ է ներխուժում մի կին: Ձայնի տոնից կարելի է եզրակացնել, որ նա խորհրդային հյուրանոցներում աշխատելու մեծ փորձ ունի:

-Երկու հոգի, իսկ ինչո՞ւ:

-Ուրեմն ձեզ սրբիչների երկու կոմպլեկտ է պետք: Հիմա կբերեմ:

Երևանն ինքնին դուրս չեկավ: Այն ավելի շատ հիշեցնում է ոչ հարուստ արաբական քաղաք, քան բազմադարյա պատմություն ունեցող երկրի մայրաքաղաք: Այսօր Երևանի պատմությունը բացառապես խորհրդային է, այն էլ անգամ դա է խղճուկ վիճակում:

Երևանը չգիտես ինչու, ինձ Ալմաթան է հիշեցնում:

Չնայած Երևանում անելու բան չկա էլ: Ամենագեղեցիկը սկսվում է քաղաքից դուրս:

(Վառլամովը պատմում է Արարատ լեռան, Գառնիի տաճարի, Գեղարդի մասին, ներկայացնում է դրանց պատմությունը – խմբ»)

Երևանից դուրս գալիս մենք ռեստորան մտանք: Ճաշացուցակը խնդրեցինք, մատուցողուհին ասաց, որ այս պահին ճաշացուցակը չկա, բայց ինքն այսպես էլ ամեն ինչ կասի: Պատվիրեցինք, մինչ սպասում էինք, ճաշացուցակը գտանք և նայեցինք գներին: Խորովածն արժեր 200 ռուբլի: Երբ ընթրիքի վերջում մատուցողուհին հաշիվը բերեց, այնտեղ խորովածը 450 արժեր, ամբողջ հաշիվը երկու անգամ ավել էր: Իմ հարցին, թե ինչու են գները այդքան տարբերվում ճաշացուցակում գրված գներից, մատուցողուհին ասաց, որ «մենյուն մեզ մոտ ամառային է, իսկ հիմա դեռ գարուն է, այդ պատճառով գները բարձր են»: Ինչպես հասկացա, շատ ռեստորաններ աշխատում են հետևյալ սկզբունքով՝ «Կեր, վերջում անակնկալ կլինի»:

Քաղաք վերադառնալիս շատ երկար էինք գնում: Արագ մթնեց և ես մի քանի անգամ սխալ կողմ էի թեքվում: Ուղեցույցներ քիչ կային, իսկ ճանապարհային գծերն առհասարակ բացակայում էին: 30 րոպեի փոխարեն ես ավելի քան 1 ժամ պտտվում էի, իսկ երբ վերջապես հասա քաղաքի կենտրոն այսպիսի պատկերի ականատես եղա: Ինչ-որ տոնից մարդկանց խմբեր  էին գալիս: Ի դեպ ոստիկանությունը ոչ մի փողոց չէր փակել, մարդիկ մեքենաների արանքներով էին գնում, ողջ երթևեկությունը կանգնել էր: