Home / Հայաստան / ՀԱԿ-ի ու իշխանության միջև գործարք չկա, համոզված է իրավապաշտպանը

ՀԱԿ-ի ու իշխանության միջև գործարք չկա, համոզված է իրավապաշտպանը

Վերջին շրջանում Հայ Ազգային Կոնգրեսը քայլ առ քայլ ինչ-որ հաջողությունների է հասել, իշխանությունը, ընդհակառակը, կորուստներ է ունեցել այդ պայքարի ընթացքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքով` այն, որ իշխանությունը ստիպված է եղել կատարել ընդդիմության առաջ քաշած երեք պահանջները, վկայում է ընդդիմության հաղթանակի մասին:

«Ես կարծում եմ, որ այս երկխոսություն կոչվածը, որը պետք է տեղի ունենա,  դառնալու է աստիճաններ, որոնց վրա կանգնելու է ընդդիմությունը` իր հաջորդ քայլին գնալու համար: Ես հասկանում եմ, որ այս մարդիկ ունեն գործողությունների  ծրագիր և դրանք հերթականությամբ ի կատար են ածում: Թե իշխանությունները ինչ արագությամբ զիջումների կգնան և ինչքան հեշտ Կոնգրեսը կհասնի իր ծրագրերի ի կատար ածմանը, ես չեմ կարող ասել: Բայց ուշադիր աչքը չի կարող չնկատել   հաջողությամբ պսակված քայլերի հերթականություն»,- ասել է  Հարությունյանը:

Հարցին, թե արդյոք իրավապաշտպանի ուշադիր աչքը չի նկատում թաքնված գործարք, իրավապաշտպանն ասել է. «Իմ ուշադիր աչքը ներքին թաքնված գործողություններ դեռ չի տեսնում և տեսնում է բացահայտ գործողություններ: Պատմությունից դեպքեր շատ կան, երբ որ ընդդիմությունները և իշխանությունները երկխոսում են, բայց, որպես կանոն, դրանք լինում են թաքնված, դրա համար ենք մենք վախենում բոլորս: Հիմա ես այստեղ դա չեմ տեսնում: Ես ավելի շատ տեսնում եմ հրապարակային գործողություններ»:

Tekali Taxi