Home / Հայաստան / Հայաստանին հաղթանակ են կանխատեսում ոչ միայն ֆուտբոլային դաշտում

Հայաստանին հաղթանակ են կանխատեսում ոչ միայն ֆուտբոլային դաշտում

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հանդես գալով իր համակիրների առջև` խոսել է կայանալիք այսօր Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման մասին և մաղթել է մեր հավաքականին հաղթանակ:

«Մենք լավագույնն ենք մաղթում մեր հավաքականին, հավատացած ենք, որ այս անգամ մենք կտոնենք հաղթանակ մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, և նաև այդ ռազմավարական մեր գործընկերը առաջիկա իր պահվածքով`  թե արտաքին, թե ներքին չափումներով իսկապես կդառնա ռազմավարական և կգնահատի և կհարգի մեր ազգային շահը, որը միշտ չէ,  որ եղել է իրողություն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում:  Մենք դա ենք ցանկանում»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդի խոսքով` իրենք պատկերացնում են, որ ապագա հայաստանցին իր երկրի տերը պիտի լինի, որ Արցախը պիտի ճանաչվի իր սահմանադրական սահմաններով, Մադրիդյան առաջարկները պիտի մերժվեն որպես բանակցության հիմք, և Թուրքիա-Հայաստան արձանագրությունների վրայից Հայաստանի պետական ստորագրությունը պիտի հետ կանչվի:

«Այսօրվա ֆուտբոլային հաղթանակը թող շարունակվի քաղաքացիական ազգային հաղթանակներով»,- ասել է Հովհաննիսյանը:

«Ժառանգության» ղեկավարը նաև նշել է, որ հաջորդ շաբաթ ինքը  կհայտարարի իրենց ամռան գործունեության մասին:

«Ես ակնկալում եմ, որ սա լինելու է տևական պայքար,  որպեսզի մենք ունենանք արտահերթ լուծումներ, որ մենք դուրս գանք այս վիճակից ազգովի և կախված չլինենք ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր որևէ անկյան հոսանքի մոտեցումներից»,- ասել է  Հովհաննիսյանը:

Tekali Taxi