Home / Հայաստան / ՀՀԿ-ն պատրաստ է ՀԱԿ-ի իրատեսական առաջարկները պաշտպանել ԱԺ-ում

ՀՀԿ-ն պատրաստ է ՀԱԿ-ի իրատեսական առաջարկները պաշտպանել ԱԺ-ում

«Մենք միշտ ողջունել ենք ու շարունակում ենք ողջունել առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու ճանապարհով առաջ շարժվելու գործելաոճը»: Այս մասին ասված է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի այսօր տարածած հայտարարության մեջ:

Նա գոհացուցիչ է համարել այն փաստը, որ արդեն բավական ժամանակ է երկխոսություն է ընթանում նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ:

«Ընթանում է բաց, հրապարակավ, բոլորի աչքի առջև, ինչի դրական արդյունքներն էլ ակնհայտ են: Եվ այսօր ունենք մի իրավիճակ, երբ մեր երկրում առկա ամենատարբեր խնդիրների լուծման գործընթացում լայնորեն կարող են հաշվի առնվել նաև արտախորհրդարանական ընդդիմության տեսակետներն ու առաջարկները:  Կարծում եմ, որ նման դրական զարգացումներն ու ստեղծված միջավայրը պետք է կարողանանք պահպանել, ինչի համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր, բոլոր կողմերի ցանկություն: Կողմերը պետք է կարողանան անընդհատ և ամեն քայլում կառուցողական լինել, իրենց քայլերով գործընթացը փակուղի չտանել», – նշում է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ-ականն ընդգծում է նաև, որ արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար` սկսված դրական զարգացումներն առաջ տանելուն արգելակելու տեսանկյունից:

«Ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով` չեմ կարծում, թե ՀԱԿ-ը կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված և նույնն իրավունք ունի նաև ակնկալել ՀԱԿ-ից: Տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի` Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման և համատեղ լուծումների: Ավելին ասեմ, Հայ ազգային կոնգրեսի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթևացնելու գործին և կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում», – հայտարարությունը եզրափակում է ՀՀԿ մամուլի խոսնակը:

Tekali Taxi