Home / Հայաստան / Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հիմքեր չկան. նախարար

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հիմքեր չկան. նախարար

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած  «Հարյուր հարց ու պատասխան» շարքի հերթական քննարկման ժամանակ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այլ հարցերի թվում խոսել է մայիսի 27-ից կիրառվող համաներման մասին, որի արդյունքում ազատ են արձակվել չորս հարյուր բանտարկյալներ, այդ թվում` չորս քաղբանտարկյալ:

«Դա մի կնճիռ էր, որ հարթվեց, ամսի 26-ին հայտարարվել է, և արդեն 27-ին ազատ են արձակվել երեք հարյուր բանտարկյալներ, սա աննախադեպ է»,- ասել է նախարարը (համաձայն  ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարկայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի հաղորդագրության, մայիսի 30-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ազատ էր արձակվել թվով 274 դատապարտյալ – Epress.am):
Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ համաներման հետ կապված մինչ այսօր եղել է ընդամենը մեկ բողոք-դիմում:

Քննարկման մասնակիցներից ՀՀ Արդարադատության նախարարության դիտորդական խմբի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի ներկայացուցիչ Ժորժետա Մեսրոպյանն ասել է, որ իրենք ստացել են բազմաթիվ բողոքներ տարբեր բանտերի բանտարկյալներից առ այն, որ ազատ արձակվածները քիչ են` հաշվի չեն առնվել բանտերի պայմանները, նրանց ստացած վարքային խրախուսանքները, ընտանեկան վիճակը և այլն:

«Ես խնդրում եմ չուռճացնել, չչափազանցել ամեն ինչ, բողոքները ձեզ չպետք է ներկայացնեն, այլ մեզ, իսկ Դուք, եթե ունեք բողոքներ, խնդրեմ, ներկայացրեք մեզ»,- պատասխանել է Հրայր Թովմասյանը:
Խոսելով Հայ Ազգային Կոնգրեսի` իշխանություններին ներկայացրած պահանջից` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, նախարարը հայտարարել է.
«Իրավական տեսանկյունից պառլամենտի բացարձակ լուծարում հնարավոր չէ` համաձայն 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների: Իրավական հիմքեր գոյություն չունեն արտահերթ պառլամենտական ընտրություններ իրականացնելու համար: Ես խորհուրդ կտայի պահանջ ներկայացնելուց առաջ հետաքրքրվել, տեսնել արդյո՞ք դա սահմանադրորեն հնարավոր է, թե ոչ»,- հայտարարել է Թովմասյանը:

Tekali Taxi