Home / Հայաստան / Հայաստանում գիտեն` ինչու են Սոչիում ապամոնտաժել Անդրանիկի արձանը

Հայաստանում գիտեն` ինչու են Սոչիում ապամոնտաժել Անդրանիկի արձանը

Ռուսաստանի հարավային Սոչի քաղաքի Լազարևյան շրջանի Վոլկոնկա գյուղում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ` մայիսի 28-ին, Արևմտյան Հայաստանում հայկական ազգային ազատագրական շարժման ղեկավարներից մեկի, զորավար Անդրանիկ Օզանյանի արձանի տեղադրումից հետո Սոչիի քաղաքապետի հրահանգով հայերին պարտադրվում է ապամոնտաժելու արձանը և մայիսի 27-ի երեկոյան այն ապամոնտաժվում է: Իր հրամանը չկատարելու դեպքում քաղաքապետ  Անատոլի Պախոմովը հոխորտում է և խոստանում, որ բուլդոզերով կքանդի ոչ միայն Անդրանիկի, այլ նաև  մինչ այդ տեղադրված Ցեղասպանության զոհերին հիշատակին և Մեսրոպ Մաշտոցին նվիրված արձանները, ինչպես նաև մի քանի խաչքարեր: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը:

«Հայությունը ստացավ հերթական ապտակը, առաջին հերթին ոչ նրա համար, որ առկա է ռուս-թուրքական նոր սիրախաղ, այլ քանի որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի իրապես պետություն, չկան նպատակին ծառայող պետական ինստիտուտներ, և որ Հայաստանը ներկայացնող պետական կոչվող այրերը, բացի օտարին լիուլի քծնելուց, շողոքորթելուց և անձնական բարեկեցության համար պետական շահը զոհաբերելուց, այլ խնդիր չեն լուծում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության նման կեցվաքը հետևանք է նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից Արցախի հարցի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ վարվող ապիկար արտաքին քաղաքական վտանգավոր խաղերի», – գրում են հայտարարության հեղինակները` կոչ անելով Հայաստանում, Ռուսաստանում և արտերկրի այլ վայրերում բնակվող հայերին բողոքի ձայնը բարձրացնելու «Սոչիի իշխանությունների կողմից հանիրավի ապօրինի և քաղաքական կարճատեսության ու տգիտության վրա հիմնված որոշման դեմ, և անհողդողդ մնալ` մշտապես պաշտպանելով հայ ազգի արժանապատվությունը»:

«Սարդարապատն» արձանագրում է, որ ՀՀ իշխանությունները կրկին անգամ գտնվել են իրենց ցածրության վրա և կատարվածին իրապես որևէ արձագանք չեն տվել, բացառությամբ ապամոնտաժման փաստին չորս օր ուշացմամբ արձագանքած Ռուսաստանի հարավում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի, որն ընդամենը դատապարտեց քաղաքապետի որոշումը:

«ՀՀ Սփյուռքի նախարարությունը ինչպես կար, այնպես էլ մնաց իրեն հոգեհարազատ ամորֆ վիճակում, իսկ հայ «քաղաքական գործիչները» զբաղվում են ամեն ինչով, բացի քաղաքականությունից: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ նրանք չհամարձակվեցին ընդունել նետված մարտահրավերը և ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ:

Լուսանկարը` yerkramas.org-ից

Tekali Taxi