Home / Հայաստան / Հեյ, Սերգեյ Լավրով. Ինչու է Ռուսաստանի դեսպանը միացել ադրբեջանցիներին

Հեյ, Սերգեյ Լավրով. Ինչու է Ռուսաստանի դեսպանը միացել ադրբեջանցիներին

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրող Սերգեյ Բունտմանը գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի կարգադրությամբ ժամանել էր Լեռնային Ղարաբաղ և հարցազրույցներ վարել տեղի իշխանությունների հետ: Ուղևորության նպատակը շատ հստակ էր` տեղեկացնել ռադիոունկնդիրներին այնտեղ կատարվող իրադարձությունների մասին, գրում է ռադիոկայանի վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին:

«Բնական է, որ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներին զայրացրել է այն փաստը, որ Բունտմանը հարցազրույց է վերցրել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունից, բայց իրենք իրենց խնդիրներն ունեն, «Էխո Մոսկվի»-ն` իր: Ահա թե ինչու էր գլխավոր խմբագիրը պատասխանել Բաքվից հնչող մեկնաբանություններին` նշելով, որ քանի դեռ ինքը ղեկավարում է ռադիոկայանը, հենց ինքը, այլ ոչ թե այլ երկրի ղեկավարությունը կորոշի` ուր ուղարկել իր աշխատակիցներին,: Եվ այդ հարցում նա ուղղորդվելու է` բացառապես իր լսարանի շահերից ելնելով:

Թվում էր, թե ամեն ինչ հանդարտվել է, բայց ոչ: Թեման կրկին բացված է:

ԶԼՄ-ների շահերի դավաճանության այս խայտառակ գործին միացավ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

Բառացիորեն մեջբերում եմ այն, ինչ ասել է Ռուսաստանի Դաշնության դեսպանը:

«Ռուսաստանի զարգացման հարցում շատ նրբություններ կան, այդ թվում` այն, ինչ կոչվում է մամուլի ազատություն: Այն, ինչ ասում է Վենեդիկտովը, մամուլի ազատության բացարձականացման մասին պատկերացում է: Նա կարծում է, որ իրեն ամեն ինչ թույլատրելի է և ինչ ուզում է, այն էլ կարող է անել… Նա, իհարկե, պետք է հասկանա, որ իր կողմից կատարված ցանկացած գործողություն կարող է հետևանքներ ունենալ»:

Ռուսաստանի դեսպանի համար դժվար չէ դավաճանել իր երկրի շահերը, պետք է ընդամենը մի փոքր խեղաթյուրել փաստերը և որոշ բաներ չնկատել:

Պետք է, օրինակ, ասել, որ «Ռուսաստանի զարգացման մեջ շատ նրբություններ կան, այդ թվում` մամուլի ազատությունը»` նրբություններ համարելով ռուսաստանյան Սահմանադրության 29-րդ հոդվածը:

Այնուհետև պետք է «հետևանքներով» սպառնալ սեփական երկրի ամենահեղինակավոր ԶԼՄ-ին այն բանի համար, որ այդ ԶԼՄ-ի ղեկավարը համարձակություն ունի ուղարկել իր թղթակցին  քաղաքացիների իրազեկման հանրային պարտքի իրականացմանը: (Ես պատկերացնում եմ` ինչպես է ԱՄՆ-ի Պետքարտուղարը սպառնում CNN-ին այն բանի համար, որ նրանք Քադաֆիի հետ չեն համաձայնեցնել ապստամբների ղեկավարի հետ հանդիպումը…):

Այնուհետև պետք է չվրդովվել այն հանգամանքից, որ ադրբեջանցի պաշտոնյաները Սերգեյ Բունտմանին «պերսոնա նոն գրատա» են հայտարարել և չհետաքրքրվել, թե ինչպես կարելի է օրինական կերպով հայտնվել Լեռնային Ղարաբաղի տարածքում, եթե Ադրբեջանի կողմից դեպի այնտեղ տանող ուղիներ չկան, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքում  ադրբեջանական անձնագրային ստուգման բաժին գոյություն չունի. այստեղ չափազանց կարևոր է պարզ հարցադրում չանել`«ուրեմն  ինչպես կարող է նման պայմաններում ռուսաստանյան լրագրողը իրականացնել իր լրագրողական պարտքը, որպեսզի նրան չմեղադրեն սահմանի ապօրինի հատման մեջ»:

Թվում էր, թե պարոն Դորոխինը պետք է, առաջին հերթին, հենց այդ խնդիրներով մտահոգվեր, բայց նա` որպես պրոֆեսիոնալ դիվանագետ, բացարձակապես վերացրել է խնդիրը, արագ և հեշտ կերպով դավաճանելով իր երկրի ԶԼՄ-ներին:

Եվ այն փաստը, որ լրագրողն իր պարտքն իրականցնելիս պատժվել է մեկ այլ երկրի կողմից, պարոն Դորոխինը այսպես է եզրափակել մամլո ասուլիսի ժամանակ, «…դա մեզ համար քննարկման ենթակա հարց չէ»:

Ես կասեմ, թե իրականում ինչը քննարկման հարց չէ: Այն, որ Ադրբեջանը ինքնավար երկիր է և իրավունք ունի վարվել այնպես, ինչպես ճիշտ է գտնում: Բայց հարցից դուրս է նաև այն, որ ռուսաստանյան դիվանագետը պարտավոր է պաշտպանել իր երկրի քաղաքացիների իրավունքները և ոչ թե քարոզ կարդալ նրանց գլխին: Ես պարզապես հարցնում եմ ԱԳ նախարարին. Ռուսաստանում կա՞ն դիվանագետներ, որոնք պաշտպանում են իրենց քաղաքացիներին: Հեյ, Սերգեյ Լավրով, որտե՞ղ եք»:

Tekali Taxi