Home / Հայաստան / Ղարաբաղը տեսանելի ապագայում բեկում չի ակնկալում. նախագահի խոսնակ

Ղարաբաղը տեսանելի ապագայում բեկում չի ակնկալում. նախագահի խոսնակ

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չափազանց վաղաժամ է համարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելը:

Արձագանքելով չորեքշաբթի օրը Ստեփանակերտում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած տեսակետին, թե հունիսի վերջին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հավանություն տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական փաստաթղթին, Ղարաբաղի նախագահի խոսնակը հայտարարեց.  «Դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու, տեսանելի ապագայում դժվար թե կարևոր տեղաշարժ լինի»:

Իր կարծիքը Բաբայանը հիմնավորեց մի քանի պատճառներով:

Նախ և առաջ, նրա խոսքերով, բանակցությունների ձևաչափը թերի է, Արցախը չի մասնակցում. «Հետևաբար` ստեղծվում է մի տարօրինակ իրավիճակ. փաստորեն, մենք, չմասնակցելով այդ գործընթացին, պետք է իրականացնենք պայմանավորվածություններ, որոնց մենք չենք մասնակցել, այսինքն` այլ պետությունների կողմից մշակված տարբերակներ»:

Երկրորդ պատճառը, ըստ Ղարաբաղի նախագահի խոսնակի, այն է, որ այդ տարբերակների շուրջ կողմերը ունեն իրարամերժ մոտեցումներ. «Ադրբեջանը մի ձև է հասկանում հակամարտության կարգավորումը, Հայաստանը` մեկ այլ ձև, Արցախը նույնպես իր ձևով է հասկանում հակամարտության կարգավորումը, և այս պահի դրությամբ խոսել, որ կողմերի միջև կարող են մեկ-երկու շաբաթվա ընթացքում այդ արմատական տարբերությունները հարթվել` իհարկե իրատեսական չէ»:

Դավիթ Բաբայանը վկայակոչեց հայ-թուրքական արձանագրությունների օրինակը` ասելով. «Քանի որ կողմերը ունեն իրարամերժ մոտեցումներ, արձանագրությունները ուղղակի մնացին որպես մի, այսպես ասած, բարի կամք արտահայտող փաստաթուղթ: Հետևաբար, նույնիսկ եթե Կազանում ինչ-որ բան ստորագրվի, դա լինելու է ընդհանուր մոտեցում, կլինի ինչ-որ մեկ քայլ տասնյակ հազարավոր կիլոմետր ճանապարհի վրա: Բայց ակնկալել բեկում` դեռևս շատ ու շատ վաղաժամ է»:

Tekali Taxi