Home / Հայաստան / Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվն այս տարի նվազել է. ընկերություններ

Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվն այս տարի նվազել է. ընկերություններ

Այս տարի Հայաստանում արտագնա զբոսաշրջության ծավալները նվազել են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել են 3 տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի զբոսաշրջիկների թիվը նվազել է և դա կապված է այն բանի հետ, որ դրսում գները թանկացել են»,- Epress.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է «Գլոբ Թրավել» ընկերության վաճառքի գծով խորհրդատու Միքայելա Մարգարյանը:

Նրա խոսքով` այս տարվա ընթացքում իրենց ընկերություն դիմող զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են ճանապարհորդել Թուրքիա, Հունաստան և Բուլղարիա:

«Վիզա Կոնկորդ» ընկերություն դիմող քաղաքացիներն առավել հաճախ ընտրում են Իսպանիան, Ֆրանսիան, Չեխիան և Թունիսը: «Վիզա Կոնկորդում» ևս տեղեկացրեցին, որ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվն այս տարվա ընթացքում նվազել է:

«Բագրատ տուր» ընկերության հիմնական տուրիստական ուղղությունը Թուրքիան է` Անթալիա նահանգը: Ընկերության ներկայացուցչի խոսքով, սակայն, այս տարի իրենց դիմողների թիվը նույնպես նվազել է: «Բագրատ տուրում» չկարողացան նշել զբոսաշրջիկների թվի նվազման պատճառները:

«Լևոն Թրավել Երևան» ընկերության վաճառքի գծով խորհրդատու Աննա Գաբրիելյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց մոտից հիմնականում գնում են հանգստանալու Թուրքիա` Անթալիա, իսկ եվրոպական երկրներից նախընտրում են` Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը և Բուլղարիան:

Գաբրիելյանի խոսքով` իրենց ընկերություն դիմած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը:

«Էլիտար» տուրիստական ընկերությունում զբոսաշրջիկների թվի նվազում չկա, սակայն աճ էլ չի գրանցվել:

Բացի եվրոպական երկրներից` Հունաստան, Ֆրանսիա, Իսպանիա, «Էլիտար» դիմողները հաճախ նախընտրում են նաև Կիպրոսը:

Tekali Taxi