Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – ՀՔԾ քննիչը ՀԱԿ-ի ակտիվիստներից պահանջում է պոկել փակցված թռուցիկները

ՏԵՍԱՆՅՈՒԹ – ՀՔԾ քննիչը ՀԱԿ-ի ակտիվիստներից պահանջում է պոկել փակցված թռուցիկները

Հանրահավաքին ընդառաջ ՀԱԿ հինգ ակտիվիստների գործողություններին երեկ երեկոյան հետևել է Հատուկ քննչական ծառայության քննիչը և մոտ 20 ոստիկաններ, երբ նրանք երեկոյան իրազեկման թռուցիկներ էին փակցնում Երևանի փողոցներում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արեգ Գևորգյանը` ներկայացնելով իրենց հետ տեղի ունեցածը.

«Մենք հինգ հոգով դուրս եկանք` քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանարահավաքի մասին իրազեկման թռուցիկներ փակցնելու նպատակով: Մի քանի մետր չէինք հեռացել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, երբ Տերյան-Կորյուն խաչմերուկին կանգնեց «Մերսեդես» S 600 մակնիշի, 777 LS 03 համարանիշներով մեքենա, և մի քաղաքացիական հագուստով անձ մոտեցավ մեզ: Նա գոռգոռալով, սպառնալով պահանջում էր պոկել փակցված թռուցիկները: Մենք, բնականաբար, հրաժարվեցինք, քանի որ ոչ ոք առանց ներկայանալու և առանց իրավական հիմք ունեցող փաստարկների իրավունք չունի ասել` ինչ անենք: Քաղաքացին երկար ժամանակ չէր ներկայանում, սակայն հետո ասաց, որ ինքը Հատուկ քննչական ծառայության քննիչ է, և անմիջապես կապվեց ոմն Մեհրաբյանի հետ ու զեկուցեց: Քիչ հետո մեզ մոտեցան մոտ 4-5 ոստիկանական մեքենաներ: Նրանք ևս պահանջում էին պոկել թռուցիկները: Մենք ասացինք` թող հղում անեն որևէ օրենքի, որը մեզ արգելում է թռուցիկ փակցնել, կամ էլ բերման ենթարկեն: Սակայն ոչ մի արձագանք, միայն ասում էին` «Ձեզ ասում ենք` պոկեք դրանք»»,- պատմել է Գևորգյանը:

Նա ասել է, որ իրենք, այնուամենայնիվ, շարունակել են փակցնել իրազեկման թերթիկները, և այդ ողջ ընթացքում նրանց հսկել են ոստիկանական մեքենաները:

«Առավոտյան պարզ դարձավ, թե ինչի էին մեզ «ուղեկցում». փակցված թռուցիկների մեծ մասն արդեն առավոտը պոկել էին»,- նշել է մեր զրուցակիցը:

Երիտասարդները նկարահանել են իրենց խոսակցությունը ոստիկանների ՀՔԾ քննիչի հետ.

Tekali Taxi