Home / Հայաստան / «Թող փորձեն, քթները մի հատ էլ արյունոտ կլինի». ՀՀԿ խոսնակը` ադրբեջանցիների մասին

«Թող փորձեն, քթները մի հատ էլ արյունոտ կլինի». ՀՀԿ խոսնակը` ադրբեջանցիների մասին

Ադրբեջանի ղեկավարությունն արդեն որերորդ անգամ իրականացնում է ոչ թե բանակցություններ, այլ բանակցությունների իմիտացիա, և խնդիրը տանում է փակուղի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, խոսելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև Կազանում տեղի ունեցած հանդիպման մասին, հայտարարել է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, և ես պաշտոնապես հայտարարում եմ հանարապետականների դիրքորոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի հենց Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ», – ասել է Շարմազանովը:

Նրա խոսքով` բանակցելն, ամեն դեպքում, ավելի լավ է, քան չբանակցելը.

«Այնտեղ ասված է, որ մի շարք հարցերում մոտեցումներն ավելի մոտեցվել են, դրանք կարող են լինել խաղաղ բանակցությունների շարունակումը, ինչը ևս ձեռքբերում է: Հայաստանը երբեք չի գնալու միաողմանի զիջումների, Արցախի կարգավիճակն ու ճակատագիրը պետք է որոշի Արցախի իշխանությունն ու ժողովուրդը, երբ կլինի բանակցությունների լիիրավ կողմ»,- նշել է Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն ասել է, որ այն սպասելիքները, որոնք կային համանախագահ երկրների ղեկավարների մոտ Դովիլյան հայտարարությունից հետո, չարդարացան Ադրբեջանի ապակառուցողական, իմիտացիոն քաղաքականության արդյունքում:

«Բեկումնային առաջընթացը կախված է երկու սկզբունքային հանգամանքից` Ադրբեջանը պետք է վերջ տա իր ապակառուցողական մոտեցումներին և լինի կոնստրուկտիվ, և Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցությունների լիիարվ մասնակից»:

Շարմազանովը չի բացառել, որ Ադրբեջանը կրկին հանդես կգա ռազմատենչ հայտարարություններով.

«Ես չեմ ասում, դիվերսիոն գործողություններ կարելի է սպասել, ես ասում եմ, որ կարելի է սպասել դիվերսիոն հռետորություն: Թող փորձեն, քթները մի հատ էլ արյունոտ կլինի ու կհեռանան, ինչպես շատ ժամանակներում ա եղել, ինչքան շատ փորձեն, էնքան կհեռանան ու կփոշմանեն»:

Tekali Taxi