2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թուրքիայում բանտարկված լրագրողները որոշել են թերթ հրատարակել

Թուրքիայում կալանավորված լրագրողները պատրաստվում են «Ձերբակալված լրագրողներ» խորագրով թերթ հրատարակել` պարբերականում ընդգրկելով նաև այլ թուրք մտավորականների սյունյակները:

Թերթի առաջին տարբերակը հայտնվելու է կրպակներում հուլիսի 28-ին` Թուրքիայում մամուլի գրաքննության պաշտոնական վերացման հոբելյանի օրը (տեղի է ունեցել 1908 թվականին):

«Եթե խոսքի և մտքի ազատության հարցում Թուրքիան ցանկանում է գոնե մի փոքր առաջընթաց գրանցել, ապա հակաահաբեկչական օրենքները պետք է ամբողջությամբ վերացվեն: Այդ երբվանի՞ց է միտքը դարձել ահաբեկչական գործունեություն», - Hürriyet Daily News-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Կալանավորված լրագրողների հետ համերաշխության պլատֆորմի (TGDP) խոսնակ Նեքատի Աբայը:

Թուրքիայում մոտ 60 լրագրողներ ներկայումս բանտում են ահաբեկչության տարածման մեղադրանքի համաձայն, նշել է Աբայը` հավելելով, որ այս ցուցանիշով Թուրքիան գերազանցում է անգամ Չինաստանին: Պարբերականի հրատարակման գաղափարը պատկանում է «Արամ» hրատարակչության սեփականատեր Բեդրի Ադանիրին, ով մեղադրվում է նույն հոդվածով և կալանքի տակ է գտնվում Դիարբեքիրի բանտում:

«Թերթի առաջին տարբերակում ընդգրկված են միայն բանտարկված լրագրողների հոդվածները, իսկ ապագայում արդեն կներառվեն նաև ազատության մեջ գտնվող այլ մտավորականների գործերը», - նշել է Աբայը: