Home / Հայաստան / «Հանցագործներին վնասազերծում են գրոհով». Նիկոլ Փաշինյան

«Հանցագործներին վնասազերծում են գրոհով». Նիկոլ Փաշինյան

Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամբիոնից Սերժ Սարգսյանը մի խայտառակ ելույթ ունեցացավ: Այս մասին այսօր հանրահավաքին իր ելույթում նշել է ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, մասնավորապես, մեջբերել է ՀՀ նախագահի ելույթի այն հատվածը, որում Սերժ Սարգսյանը նշում է, որ ռազմական գործողությունների վերսկսման  դեպքում Ադրբեջանն առավելություն կստանա:

«Եթե նման ելույթ ունենար որևէ մեկը Հայաստանում կամ դրանից դուրս, իշխանության խոսնակները վրա կտային, ազգի դավաճան կդարձնեին: Սերժ Սարգսյան, դու պիտի պատասխան տաս հետևյալ հարցերին. դեռևս 1,5 տասնյակ տարի առաջ դու ժառանգել ես հաղթական բանակ, հաղթական ժողովուրդ, ո՞ւր է այդ հաղթական բանակը, ո՞ւր է այդ հաղթական ժողովուրդը: Այլ վայրերում չքմեղանալու փոխարեն Սերժ Սարգսյանը իր ժողովրդի առաջ պիտի պատասխան տա», – ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` վերջերս Սերժ Սարգսյանի փոխարեն այդ հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Որպես պատասխան ՀԱԿ ներկայացուցիչը մեջբերել է Տիգրան Սարգսյանի` «168 ժամ» պարբերականին տված հարցազրույցից մի հատված.

«Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն լինի»:

«Վերջերս մեզ հարցնում են, թե ինչպե՞ս կարելի է բանակցել ավազակապետության հետ: Ավազակապետության հետ կարելի է բանակցել ոչ թե ի սիրույն ավազակապետերի, այլ ի սիրույն նրանց կողմից պատանդ վերցված ժողովրդի: Երկխոսությունը մի վերջին հնարավորություն է ազատվել այդ ավազակապետությունից: Եթե այն արդյունք չի տալիս, հանցագործներին վնասազերծում են գրոհով: Եթե Բեն Ալիին ու Մուբարաքին հարցնեիք, նրանք փոշմանեին, որ ժամանակին չեն երկխոսել իրենց ընդդիմության հետ: Եթե Սերժ Սարգսյանն այս ձևով շարունակի ինքն էլ է փոշմանելու: Մենք ունենք բավարար ուժ ազատվելու այս ավազակապետությունից: Եվ ուրեմն` պայքար պայքար մինչև վերջ», – հավելել է Փաշինյանը:

Tekali Taxi