Home / Հայաստան / Հանրահավաքի օրերին տաքսիստները Գյումրիում բարձրացնում են ուղեվարձը

Հանրահավաքի օրերին տաքսիստները Գյումրիում բարձրացնում են ուղեվարձը

Այսօր առավոտվանից Գյումրիում չեն աշխատում Երևան եկող երթուղայինները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ ազգային Կոնգրեսի ակտիվիստ Վահագն Խաչատրյանը, ով նշել է, որ երթուղայինները չեն աշխատում ՀԱԿ-ի յուրաքանչյուր հանրահավաքի օրը:

«Իսկ տաքսիստները ինչպես միշտ առիթից օգտվում են և բարձրացնում են տաքսու ուղեվարձը: Սովորաբար Գյումրիից Երևան տաքսիները ուղևոր տեղափոխում են 2000-2500, իսկ հանրահավաքի օրերին, երբ գծերից հանվում են երթուղայինները 3500-4000 դրամ են դարձնում»,- ասել է Վահագն Խաչատրյանը:

Էջմիածնից Երևան եկող հասարակական տրանսպորտը այսօր առավոտյան երկու ժամվա ընթացքում դատարկ է եկել Երևան, և միայն Երևանից է մարդկանց տարել Էջմիածին, այնուհետև, ինչպես Epress.am-ին տեղեկացրել է Էջմիածնի բնակիչներից մեկը, «հրաման է իջել նորմալ աշխատել»:

Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրեսի Վարդան Մալխասյանը  պատմել էր, որ Աշտարակից Երևան եկող ճանապարհները առավոտյան ժամը 08:00-ից վերահսկվում էին ոչ միայն ճանապարհային ոստիկանության, այն նաև մարզային ոստիկանության կողմից: Նրանք մարդատար մեքենաներն ու ավտոբուսները կանգնեցնում են և մարդկանց իջեցնում` ասելով, որ այսօր չի կարելի Երևան գնալ:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքը մեկնարկելու է 20:00-ին Ազատության հրապարակում:

Tekali Taxi