Home / Հայաստան / Հեղափոխությունը կին է. Արդյո՞ք կնոջն ուզելը բավական է նրան ունենալու համար

Հեղափոխությունը կին է. Արդյո՞ք կնոջն ուզելը բավական է նրան ունենալու համար

Այսօր Հայաստանում իրավիճակի վրա իրապես ազդելու, որոշումներ ընդունելու երկու բևեռ կա՝ մեկը կառավարությունն է (իշխանությունը), մյուսը՝ Հանրահավաքը: «Ինչո՞ւ է պետք գնալ Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքին» Epress.am-ի հարցին պատասխանել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

«Դուր է գալիս այդ իրավիճակն ինչ-որ մեկին, թե ոչ, դա այլ խնդիր է, բայց փաստն այն է, որ Հանրահավաքն այսօր իրապես ազդեցություն ունեցող կենտրոն է, ինչ-որ տեղ` այլընտրանքային իշխանություն: Այն մարդիկ, որոնք դուրս են ազդեցության այս երկու բևեռներից, առարկայական կամ ենթակայական (սուբյեկտիվ) պատճառներով, թող չբողոքեն, որ նրանց ձայնը որոշիչ չէ, որ իրավիճակը նրանց ազդեցությունից դուրս է: Հանրահավաքին մասնակցող յուրաքանչյուր անձ՝ իրավիճակն այս կամ այն կողմ փոխող է:

Շատերն են ասում, թե չկա այն ուժը, որի հետևից նրանք պատրաստ են գնալ: Եթե ուժը փնտրենք մեզնից դուրս, ապա երբեք էլ չենք գտնի այն: Ուժը յուրաքնչյուր մարդու միտքն ու կամքն է, և եթե միտքը հստակ է, կամքը` ամուր, արժենքները իրական, ու եթե մարդն ունի համախոհներ, նրանք չեն կարող չինքնակազմակերպվել որպես «ուժ»: Իսկ եթե ուժը, այնուամենայնիվ, չկա, ուրեմն խնդիրը ներքին ուժի պակասն է, և ոչ ոք մեղավոր չէ:

Շատերն են ասում, թե մեր ժողովուրդը ոտքի կանգնող չի, պայքարող չի: Ժողովուրդի մասին խոսելուց առաջ, ցանկալի է խոսել սեփական անձից: Յուրաքանչյուրն է պատասխանատու իր համար: Ես ոտքի կանգնո՞ղ եմ, պայքարո՞ղ եմ: Հանրահավաքը բազմություն է, բայց այդ բազմության մեջ առավել կարևորն առանձին անձն է իր կամքով, իր վճռականությամբ, իր որոշմամբ: Հանրահավաքը մեկ հոգու գործ է:

Շատերն են ասում, թե ուզում են հեղափոխություն կամ համակարգային փոփոխություններ: Ուզելը լավ բան է, բայց ավելի կարևոր է գործելը: Հեղափոխության լինել-չլինելը կախված չէ հարևանից, կախված չէ ամերիկացիներից, ռուսներից ու մոզամբիկցիներից, կախված չէ երկնային ուժերից, մոլորակների դասավորվածությունից, եղանակից, նույնիսկ հրեշտակներից, դիցերից ու Աստծուց: Մարդն ազատ կամքով է օժտված, ու հեղափոխությունը կախված է յուրաքանչյուրից: Հեղափոխությունն ի վերջո կին է: Արդյո՞ք կնոջն ուզելը բավական է նրան ունենալու համար:

Հայաստանում շատերն են խոսում: Ոչ թե մտածում, այլ խոսում: Շատերը նաև նարդի են խաղում, ինչն ամեն դեպքում ավելի լավ է, քան այն, ինչ մեզանում կոչվում է «քննարկել»: Բայց կան նաև մարդիկ, որոնք ամեն օր ջանք են թափում ի նպաստ վաղվա ազատ Հայաստանի, որը կլինի օրինապաշտ, ճշտապահ, հստակ մտածող ու գործող, հաղթող ու ուրախ հայի հայրենիք: Ու այդ մարդիկ հաղթելու են, անկախ նրանից որևէ մեկը «քննարկողներից» ու «նարդի գցողներից» դա ուզում է, թե` ոչ:

Պատմությունը կերտվում է այսօ՛ր ու այստե՛ղ: Բայղուշները երգում են իրենց հազարմյա ողբերգությունը: Մենք հանգիստ, սիրուն, վստահ, քայլ առ քայլ կերտում ենք մեր ուզած երկիրը», – պատասխանել է Տեր-Աբրահամյանը:

Tekali Taxi