Home / Հայաստան / Աշտարակի ճանապարհը փակ է. ուղևորները պատրաստ են ոտքով հասնել Երևան

Աշտարակի ճանապարհը փակ է. ուղևորները պատրաստ են ոտքով հասնել Երևան

Աշտարակից Երևան եկող ճանապարհները առավոտյան ժամը 08:00-ից վերահսկվում են ոչ միայն ճանապարհային ոստիկանության կողմից, այն նաև մարզային ոստիկանության: Նրանք մարդատար մեքենաներն ու ավտոբուսները կանգնեցնում են և մարդկանց իջեցնում` ասելով, որ այսօր չի կարելի Երևան գնալ:

Epress.am-ի հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը ներկայացրել է Աշտարակ-Երևան մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպը.

«Առավոտից ճանապարհները տոտալ վերահսկողության տակ են գտնվում ոստիկանների կողմից, նույնիսկ ուսանողներին են արգելում Երևան գնալ: Ուսանողական ավտոբուսի մեջ, որը կանգնեցրել են ոստիկանները, նաև իմ դուստրն է եղել: Երբ նա հարցրել է, թե ինչու են իրենց արգելում գնալ Երևան, ոստիկաններն ասել են, որ այսօր Երևան գնալ չի կարելի: Աղջիկս ասել է, որ իրենք ոտնահարում են երկրի Սահմանադրությունը, և հղում է արել օրենքին` յուրաքանչյուր մարդ ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Դուստրս նաև ասել է, որ զանգահարելու է լրագրողներին և ինձ, որպեսզի գան և արձանագրեն, թե ինչպես են բռնանում ոստիկանները: Նրանք ուսանողներով իջել են ավտոբուսից ու որոշել են ոտքով գնալ Երևան: Էս ոստիկանները տեղի են տվել, ու երբ էրեխեքը մի կես կիլոմետր քայլել են, նույն ավտոբուսը գնացել, վերցրել է նրանց ու ուղևորվել Երևան»,- պատմել է Մալխասյանը:

Նրա խոսքով` դա Երևան մեկնած միակ ավտոբուսն է, մնացած գրեթե բոլոր մարդատարները կանգնեցվել և հետ են ուղարկվել:

«Սրանք բռնանում են մեր երկրի Սահմանադրության վրա, սրանք ոչ թե ոստիկան են, այլ թուրք են, մենք չպիտի թույլ տանք, որ սրանք շարունակեն իրենց գործողությունները»,- շարունակել է մեր զրուցակիցը:

Մալխասյանն ասել է նաև որ Աշտարակի շրջանի Ուջան գյուղի ճանապարհները նույնպես վերահսկվում են ոստիականների կողմից:

Հիշեցնենք, որ այսօր ` ժամը 20:00-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած արտոնված հանրահավաքը:

Tekali Taxi