Home / Հայաստան / «Մեր թիմը բութ չի և շուտ է հասկանում». քաղաքապետը պատասխանեց մեղադրանքներին

«Մեր թիմը բութ չի և շուտ է հասկանում». քաղաքապետը պատասխանեց մեղադրանքներին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է Facebook-ում ծավալվող քննարկումներին`ընդգծելով այն փաստը, որ իր հասցեին հնչող մեղադրանքներն առ այն, որ հարցադրումներն անպատասխան են մնում, իրականում անհիմն են: «Ես համաձայն չեմ, որովհետև անձամբ մշտապես հետևում եմ. բոլոր լուրջ հարցադրումներին մեր թիմը միանշանակ արձագանքում է: Մեզ համար շատ կարևոր է հետադարձ կապը, որի համար մենք օգտագործում ենք տեղեկատվություն ստանալու բոլոր հնարավոր խողովակները: Սակայն հաճախ ականատես ենք անհարգալից, ոչ կառուցողական, անհասցե և ձանձրալի խոսակցությունների: Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր թիմը բութ չի և շուտ է հասկանում, ավելորդ տեղը պետք չէ մտավոր վարժանքներով զբաղվել և մեծ տարածք զբաղեցնել»:

Քաղաքապետը հորդորել է բոլոր «անանուն, տարբեր կեղծ, հաճախ զավեշտալի ու էժանագին դեմքերով ու կեղծանուններով հանդես եկող օգտատերերին չգրել»` սպառնալով ջնջել դրանք: «Կարծում եմ, որ ինձ հետ կհամաձայնեք, որ ասվածը դեմոկրատիայի պակասի հետևանք չէ, եթե իրապես ասելիք կա՝ մենք միշտ բաց ենք ու պատրաստակամ լսելու և քննարկելու առողջ, կառուցողական բոլոր առաջարկներ»:

Քաղաքապետը նաև անդրադարձել է մետրոյի սակագնի թանկացման հարցին.

«Ես բազմիցս նշել եմ, որ մենք ընդհանրապես բավականություն չենք ստանում, երբ մեր քաղաքացիներին առաջարկում ենք ավելի բարդ պայմաններ: Մետրոյի սակագնի բարձրացման պատճառ է հանդիսացել ժամանակին կառավարության կողմից ստանձնած վարկային պարտավորությունը: Մետրոյին ուղղված դոտացիան չի նվազել, սակայն մետրոն չկորցնելու և տեխնածին վթարներից խուսափելու համար պահանջվում են ծախսեր, որի հնարավորությունը հանրապետական բյուջեն չունի: Ինքնին 100 դրամ սակագինը բեռ չի, սակայն, համաձայն եմ, որ վճարունակությունը թույլ չի տալիս չարձագանքել օբյեկտիվ և տնտեսապես հիմնավորված գնագոյացմանը»:

Ինչ վերաբերում է վերջերս մեծ աղմուկ բարձրացրած շների սպանդի մասին տեղեկություններին, քաղաքապետը հայտարարել է, որ շների սպանդ չկա: «Էջում քաղաքացիների կողմից առաջարկվում են տարբեր լուծումներ, որոնք, ցավոք, ահավոր մեծ գումարներ են պահանջում, որը որ մենք չունենք: Մեր բյուջեի և մեր հնարավորությունների պարագայում փորձում ենք մաքսիմալ մարդասիրական ձևով այդ խնդիրը լուծել և միաժամանակ մտածում ենք հետագա քայլերի մասին: Բայց եկեք ընդունենք, որ հասարակության մի ստվար զանգված էլ մեզանից պահանջում է լուծել ագրեսիվ, գազազած և շրջապատի համար վտանգ ներկայացնող շների հարցը: Վստահ եմ, եթե նրանք էլ, իրենց հերթին, նույն ձևով կազմակերպված արշավ սկսեին, ապա facebook-ում իրենք կզբաղեցնեին շատ ավելի մեծ ծավալ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետը նաև անդրադարձել է տրանսպորտի խնդրին` հայտարարելով, որ Չինաստանից 200 ավտոբուս է ներկրվելու: Հասկանալի է, որ շատ հետևողական ենք լինելու, քանի որ տրանսպորտի ապագան ավտոբուսներն են: Ինչ վերաբերում է տրանսպորտային գործող օպերատորներին, իրենց հստակ բացատրվել է խաղի կանոնները և առաջարկվել է միջին և մեծ ավտոբուսներ բերելու առաջին իրավունքը՝ եթե բերեն՝ կմնան շուկայում, եթե ոչ՝ կգան նոր օպերատորներ, անկախ, ինչպես շատ հաճախ դուք նշում եք, սեփականատերերից»,- հայտարարել է քաղաքապետը:

Tekali Taxi