Home / Հայաստան / Ուկրաինայի նախագահը կփորձի օգնել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում. փորձագետ

Ուկրաինայի նախագահը կփորձի օգնել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում. փորձագետ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում կփորձի առավելագույնս օժանդակել Ադրբեջանին: Այս մասին Vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է էներգետիկ հարցերով ուկրաինացի փորձագետ Ալեքսանդր Նարբուտը: Նրա խոսքով` խնդիրը կայանում է նրանում, թե որքան է Ռուսաստանը ցանկանում կարգավորել այդ հակամարտությունը` Հայաստանում ունենալով ռազմակայաններ և հատուկ հետաքրքրություն Հարավային Կովկասի նկատմամբ:

«Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում անկայունության մակարդակի պահպանմամբ, չէ՞ որ այդ դեպքում նրա ռազմական ներկայությունը և միջամտությունը պահանջված կլինեն: Այսինքն, եթե Հարավային Կովկասում հակամարտությունները լուծվեն, այդ դեպքում տարածաշրջանի բոլոր պետությունները կսկսեն մտածել սեփական անվտանգությունը ինքնուրույն ապահովելու մասին: Իսկ այսպես ամեն մեկը փնտրում է իր մեջքին կանգնել պատրաստ մեկին»,- նշել է Նարբուտը` միաժամանակ հայտարարելով, որ չի ցանկանում գերագնահատել Ուկրաինայի հնարավորությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

«Ինձ թվում է, որ Ուկրաինան ավանդաբար կփորձի հետևյալ կերպ վարվել. պահպանելով չեզոքության որոշակի մակարդակ` իր ուժերի ներածին չափով առավելագույն աջակցություն ապահովել: Մենք հիշում ենք 2008-ի օգոստոսյան պատերազմը, ուկրաինական տեխնիկայի մասնակցությունը: Կարծում եմ, որ այս դեպքում նույնպես Ուկրաինան պատրաստ կլինի սերտ համագործակցել Ադրբեջանի հետ` նրան տեխնիկական միջոցներ տրամադրելով»,- հայտարարել է փորձագետը:

Tekali Taxi