Home / Հայաստան / Սթինգը սատարել է Ղազախստանի ցուցարարներին

Սթինգը սատարել է Ղազախստանի ցուցարարներին

Բրիտանացի երաժիշտ Սթինգը չեղյալ է հայտարարել Ղազախստանում կայանալիք համերգները` իր համերաշխությունը հայտնելով երկրի ցուցարարներին:

Արդեն մեկ ամիս է` Ղազախստանում չեն դադարում երկրի արևմտյան հատվածում գտնվող նավթային և գազային հանքերում աշխատող քաղաքացիների գործադուլներն ու հացադուլները, հայտնում է BBC-ն:

«Հացադուլները, բանտերում գտնվող աշխատողները և տասնյակ հազարավոր ցուցարարներն ինձ համար պիկետի վիրտուալ այն սահմանագիծն են, որը ես չեմ ցանկանում հատել,- իր պաշտոնական կայքում հայտարարել է Սթինգը: -Ղազախստանի նավթային և գազային արդյունաբերության ոլորտում աշխատող մարդիկ ու նրանց ընտանիքները մեր օգնության և միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կարիքն ունեն»,- ընդգծել է երաժիշտը:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսված համերգը պետք է կայանար հուլիսի 4-ին` Քաղաքի օրվան նվիրված փառատոնի շրջանակներում: Այնուհետև երգիչը համերգներով պետք է հանդես գար Կարագանդայում և Ալմա-Աթայում:

Ղազախստանում պաշտոնապես հայտարարում են, որ երգչի համերգը չի կայանա տեխնիկական պատճառներով:

Ղազախստան կատարելիք այցից առաջ Սթինգը դիմել էր միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությանը:

«Նա անհանգստացած էր մի քանի նավթային ընկերությունների աշխատակիցների գործադուլներով և, կապվելով  մեզ հետ, հարցրեց, թե որքան լուրջ է իրավիճակը: Դա նրա անձնական սկզբունքային և խիզախ որոշումն է: Մենք ողջունում ենք նրա  որոշումը և հիանում դրանով»,- հայտարարել է Amnesty International-ի ներկայացուցիչ Ջոն Դալհայզենը:

Tekali Taxi