Home / Հայաստան / «Ա1+»-ի վերաբերյալ նամակ են հղել ԵԽ պետությունների դեսպաններին

«Ա1+»-ի վերաբերյալ նամակ են հղել ԵԽ պետությունների դեսպաններին

Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության նախագահ Վահան Խաչատրյանը նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված Եվրոպայի խորհրդի պետությունների դեսպաններին` «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ ԵԽ-ի նախարարների կոմիտեի կայացրած  որոշման առնչությամբ:

«Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են Հայաստանում պաշտպանվում լրատվամիջոցների իրավունքները: Մարզային «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, որը ես ղեկավարում եմ, շարունակում է վարչական և իրավական անհեթեթ ճնշումների թիրախ մնալ 2012 թ. ընտրությունների նախօրեին, անգամ այն հանգամանքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս քննում է 2007 և 2008 թվականների մեր հայցը:

Ինչպես «Ա1+»-ի, այնպես էլ բոլոր լրատվամիջոցների իրավունքն է ստանալ հավասար և արդար վերաբերմունք՝ համաձայն օրենքի: Ազատ լրատվամիջոցը երաշխավորում է խոսքի ազատության հանրության իրավունքը` հիմնարար քաղաքացիական իրավունք, որը չի կարող պատշաճ կերպով իրականանալ, եթե բացակայում է ԶԼՄ-ների ազատությունը: «Ա1+»-ի դեպքում, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դրական որոշումից առաջ, թե՛ դրանից հետո, կառավարությունը չընդունեց նոր օրենքներ կամ կանոնակարգեր, ոչ էլ խստորեն հետևեց գործող լավ թե վատ օրենքների ու կանոնակարգերի պահանջներին, որպեսզի ցույց տա, որ «Ա1+»-ին եթերի իրավունքից զրկելու սահմանափակումը օրինական է:

Անշուշտ, մեր կառավարության և մեր հասարակության խնդիրն է փոխել և բարելավել հայաստանյան լրատվամիջոցների ողորմելի իրավիճակը: Ուրիշները չեն կարող դա անել մեզ համար։ Բայց դուք չեք կարող անտեսել մեր հասարակության, մեր հասարակական կազմակերպությունների, մեր ժողովրդի ակնկալիքները ապրել այլ, բարելավված պայմաններում, երբ նշում եք, որ Հայաստանի կառավարությունը կատարել է իր պարտավորությունները, մինչդեռ այն իրականում շարունակում է խուսափել այդ պարտականություններից:

Լավ կլիներ, որ մեզ ոչ անհամպատասխան ստանդարտներ պարտադրեք, ոչ էլ աչք փակեք, երբ մենք չենք հասնում մեր իսկ նախանշած ստանդարտներին: Ձեր որոշումը չի խրախուսում նրանց, ովքեր մեր երկրում պայքարում են ժողովրդավարության համար։ Այն նաև լավ բան չի կանխագուշակում լրատվամիջոցների ազատության համար այսօր, երբ մոտենում է երկամյա լարված ընտրաշրջանը: Դուք ավելի դժվար եք դարձրել լրատվամիջոցների աշխատանքը և ավելի հուսահատ եք դարձրել ժողովրդին:

Այս նամակն ուղղում եմ Ձեզ, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրի դիվանագիտական ներկայացուցչի Հայաստանում, և խնդրում եմ, որ այն տարածեք Ձեր գործընկերների շրջանում Ձեր երկրի մայրաքաղաքում, ինչպես նաև Ստրասբուրգում», -նշում է Վահան Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել` դժգոհություն հայտնելով ԵԽ–ի նախարարների կոմիտեի կայացրած  որոշման հետ կապված:

Նրանք, մասնավորաբար, ընդգծում էին այն փաստը, որ ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման մեջ մի կողմից նշվում է, որ պատասխանող երկիրը բացի նյութական փոխհատուցումից, պետք է հարկ եղած միջոցները ձեռնարկի իրավունքի խախտումները դադարեցնելու և դրանց հետեւանքները վերացնելու համար, որքանով որ հնարավոր է՝ ապահովելով իրավունքի լիակատար վերականգնումը (restitutio in integrum), բայց, մյուս կողմից, որոշման մեջ արհամարհվում է այն իրողությունը, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքները որևէ կերպ չեն վերականգնվել։

Tekali Taxi