Home / Հայաստան / Լևոն Բարսեղյանը պատմել է դատական հայցի քննության բացթողումների մասին

Լևոն Բարսեղյանը պատմել է դատական հայցի քննության բացթողումների մասին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի` ընդդեմ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժանմունքի քննիչ` Հովհաննես Քաղցրիկյանի` ապրիլի 15-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին հայցի լսումը:

Epress.am-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանը ներկայացրել է դատական նիստի մանրամասները:

«Դատավարության ընթացում քննիչը առարկություն ուներ, և ասում էր, որ գործն ամբողջությամբ օրինական է քննել և չի ընդունում պահանջը: Ես մի քանի հարցեր տվեցի, ինչպես, օրինակ. օրենքը սահմանում է, որ հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո քրեական դատավարության մասին 10-րդ հոդվածի համաձայն ամենաշատը տասնօրյա ժամկետում կարող է քննիչը նյութերը նախապատրաստել, հետո պետք է որոշում կայացնի՝ գործ հարուցել, թե ոչ: Սակայն նա գործն ուսումնասիրել է 50 օր՝ մոտ երկու ամիս, հետո նոր որոշել է, որ հանցակազմ չկա, քրեական գործ չպիտի հարուցվի: Ասում եմ՝  ինչո՞ւ, օրենքը խախտե՞լ ես: Ասում է՝ ոչ, ես ստացել եմ դատախազի և իմ պետի թույլտվությունը: Ասում եմ՝ էդ թույլտվությունն օրենքից բարձր չի կարող լինել, ասում է՝ ենթաօրենսդրական ակտերով է կարգավորված, ասում եմ՝ ի՞նչ ենթաօրենսդրական ակտեր, մեջ բեր դրանցիցի մի քանիսը: Վերջը ասում է՝  ոստիկանապետի հրաման կա, ասեցի՝ կբերես էդ ոստիկանապետի հրամանը, տեսնենք՝ էդ ոնց է նա օրենքին հակասող էդպիսի բան ասում»,- պատմել է մեր զրուցակիցը:

Լևոն Բարսեղյանը նշել է դատական նիստից ևս մի քանի դրվագներ.

«Մյուսն այն է, որ քրեական դատավարության մասին օրենսգրքի 181-րդ հոդվածը սահմանում է, որ հանցագործության յուրաքանչյուր հաղորդման մասին առանձին որոշում պիտի կայացնի քննիչը: Փաստորեն, ես երեք հաղորդում եմ ուղարկել նույն դեպքերի հետ կապված, մի հաղորդում էլ Վանաձորի Հելսինկյան ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցն է ուղարկել: Ինքը էս 4 հաղորդումների հիման վրա փոխարենը 4 որոշում կայացներ, իրա խելքին որոշել է, որ իրավունք ունի էդ 4 գործը միացնել իրար հետ, և մեկ որոշում է կայացրել: Ասում եմ՝ ես երեք հատ հաղորդում եմ տվել, դու ինչի՞ ես  մի հատ որոշում կայացրել, ասում է՝ ես դատախազից եմ ցուցում ստացել, ես ասում եմ՝ դատախազից ստացել ես իմ երեք հաղորդումները, հո դատախազը չէ՞ հաղորդում տվողը: Երրորդ դրվագն այն է, որ ինքը պարտավոր է քրեական գործ չհարուցել հարուցելու մասին որոշումը հաղորդում տված անձին ուղարկել անհապաղ: Ինքը որոշումը կայացրել է այս տարվա ապրիլի 12-ին, իսկ ելքի ծրարի վրա ապրիլի 28 է գրված: Ինքն ասում է, որ փոստատուն է ուշ ուղարկել»:

Բարսեղյանն այսօր միջնորդել է, որ ամբողջ գործի նյութերը՝ մոտ 300 էջ,  իրեն տրամադրվեն, դատարանը բավարարել է նրա միջնորդությունը:

«Ես այդ նյութերի հետ ծանոթանալուց հետո կկարողանամ մնացած հարցերն ուղղել իրենց»:

Հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 12-ին՝ ժամը 16:00-ին:

Tekali Taxi