Home / Հայաստան / Օմբուդսմենին ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

Օմբուդսմենին ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

ԿԸՀ անդամների առաջադրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից 4 ժամ առաջ՝ ս.թ. հուլիսի 11-ին, ժամը 14:10-ին Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանը ինքնաբացարկով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: ԿԸՀ անդամությունից հրաժարման իրենց հիմքերը ԿԸՀ անդամի թեկնածուները ներկայացրել են կից գրության մեջ, որը Մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է առանց մեկնաբանությունների.
«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան պոն. Կ. Անդրեասյանին

Հարգելի պարոն Անդրեասյան,

Տեղեկանալով ԿԸՀ անդամի ընտրության համար Ձեր կողմից հայտարարված մրցույթի մասին և հավատալով այդ գործընթացին, մենք մասնակցեցինք ու ընտրվեցինք մրցութային հանձնաժողովի կողմից։

Արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո զանգվածային լրատվության որոշ միջոցներ հեգնեցին մեր երիտասարդ տարիքն ու անփորձությունը, սկսեցին շահարկել այն հանգամանքը, որ մենք Ձեզ հետ նախկինում աշխատել ենք միևնույն իրավաբանական գրասենյակում, ոմանք նույնիսկ մեզ արդեն պիտակավորեցին “ապագա ընտրակեղծարարներ”։

Լինելով երիտասարդ իրավաբաններ և ամենևին ոչ հրապարակային հասարակական-քաղաքական գործիչներ` մենք պատրաստ էինք աշխատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես չքաղաքականացված և արհեստավարժ մասնագետներ, բայց ոչ երբեք ենթարկվել մեր պատկերացմամբ անարդար հարձակումների։

Հասկանալով, որ քաղաքական սպասվող զարգացումների պարագայում ԿԸՀ անդամները կդառնան ավելի խոցելի, և տեսնելով՝ ինչպես են վերաբերվում դեռևս պաշտոնավարումը չսկսած անդամության թեկնածուներին, խնդրում ենք դիտել սույն գրությունը որպես ինքնաբացարկի դիմում և մեզ չներկայացնել ՀՀ նախագահին ԿԸՀ անդամության համար։

Աիդա Մուրադյան Անձնագիր. AG 0436211

Ռոզա Ստեփանյան Անձնագիր. AF 0682647»:

ՄԻՊ-ից ստացած հաղորդագրության մեջ նշվում է, որ Պաշտպանը չի կարող ներկայացնել ավարտված մրցույթի մասնակիցներից և ոչ մեկին, հետևաբար, պետք է առաջադրի երկու նոր անձանց: ԿԸՀ երեք անդամները ՀՀ նախագահին և հանրությանը կներկայացվեն մինչև հուլիսի 12-ը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հուլիսի 9-ին հրապարակել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3 անդամների անունները, որոնք ՄԻ պաշտպանի գրասենյակի կողմից պետք է ներկայացվեին ՀՀ նախագահին:

Բացի Աիդա Մուրադյանից և Ռոզա Ստեփանյանից, ԿԸՀ անդամ էր ընտրվել նաև Արտակ Մելիքսեթյանը:
Tekali Taxi