Home / Հայաստան / Իշխանական պատվիրակության կազմը կարող է փոխվել ՀԱԿ-ի ցանկության դեպքում

Իշխանական պատվիրակության կազմը կարող է փոխվել ՀԱԿ-ի ցանկության դեպքում

Ընդդիմության հետ երկխոսելու համար կազմված իշխանական կոալիցիոն պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Վարդան Բոստանջյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ «իշխանական պատվիրակության կազմը կարող է փոխվել, եթե Կոնգրեսն ասի, որ այդ կազմն իրեն դուր չի գալիս»:

Ըստ Վարդան Բոստանջյանի, պատվիրակության իշխանական կազմը փոխելու այլ տրամաբանություն չկա:

«Առանց այդ էլ, ես չէի ասի, որ այդ պատվիրակությունը լիազորություններով օժտված մի բան է, որ հիմա էլ շատ վճռական լինի մեզնից յուրաքանչյուրի ներկայացումը կամ ոչ»,- նշել է ԲՀԿ-ականը:

Նա հայտնել է նաև, որ առ այսօր իշխանական պատվիրակության անդամները չեն հանդիպել: Հանրապետական պատվիրակներ Դավիթ Հարությունյանը և Գագիկ Մինասյանը Հայաստանում չեն և կվերադառնան առաջիկա ոչ աշխատանքային օրերին:

«Հայկական ժամանակը» նաև տեղեկություններ է հաղորդում, որ երկուշաբթի առավոտյան նախատեսված է պատվիրակության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Օրաթերթը նշում է, որ Վարդան Բոստանջյանը, սակայն, չի ցանկացել այդ մասին որևէ բան ասել:

Հիշեցնենք, որ իշխանական պատվիրակության կազմում ՀՀԿ-ից ընդգրկվել են Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Վարդան Բոստանջյանն ու  Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՕԵԿ-ից` Մհեր Շահգելդյանը և Խաչիկ Հարությունյանը:  Նրանք բոլորը ՀՀ ԱԺ պատգամավորներ են:

Tekali Taxi