Home / Հայաստան / Հայաստանում պարսկերեն ուսումնասիրող աշակերտներին հրավիրել են Իրան (ՖՈՏՈ)

Հայաստանում պարսկերեն ուսումնասիրող աշակերտներին հրավիրել են Իրան (ՖՈՏՈ)

Պարսկերենը որպես օտար լեզու ուսուցանվում է Հայաստանի տասը դպրոցներում: Հուլիսի 8-ին այդ դպրոցների 25 աշակերտներ` հինգ ուսուցիչների ուղեկցությամբ, մեկնել էին Իրանի Հանրապետություն` շրջագայության:

Հայաստանցիները Իրանից վերադարձել են հուլիսի 16-ին:

Epress.am-ի հետ զրույցում թիվ 100 դպրոցի պարսկերենի ուսուցչուհի Մարիամ Պողոսյանը տեղեկացրել է, որ իրենք շրջագայության գնացել են ավտոբուսով: Նրանք եղել են Ռեշտ, Թեհրան, Սպահան և Թավրիզ քաղաքներում:

«Այս ամենը հովանավորում էր իրանական կողմը` Իրանի  դեսպանատան մշակույթի բաժինը: Այցի նպատակն էր երեխաներին ցույց տալ այն, ինչ նրանք ուսումնասիրում են: Այսինքն` լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»,- նշել է Մարիամ Պողոսյանը:

Մենք զրուցեցինք նաև Իրան այցելած աշակերտների հետ, որոնք կիսվեցին ուղևորությունից ստացած տպավորություններով: Թիվ 100 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ Սերգեյ Բարինյանը և Մերի Բերբերյանը նշել են, որ իրենց հատկապես դուր է եկել Թեհրանը:

«Մենք գիշերով գնացինք մի աշտարակ, որը շատ գեղեցիկ էր: Բարձրացանք ամենավերևի հարկը, որտեղից ամբողջ քաղաքը երևում էր: Այնուհետև գնացել էինք Թավրիզ, այնտեղ մենք այցելեցինք Սուրբ Թադևոս առաքյալի եկեղեցին, որը նա կերտել էր իր ձեռքով և այնտեղ էլ վախճանվել էր: Եղանք նաև Մակույում` Չարենցի ծննդավայրում: Իսկ հետո եղանք Կասպից ծովում, ման եկանք ծովափին,  մոտորանավակ վարեցինք կակաչների ճահիճում»,- պատմել է Սերգեյ  Բարինյանը:

«Ճիշտն ասած, Հայաստանը կարոտել էինք, բայց այնտեղ էլ նորանոր բաներ տեսանք: Իրանում մենք գնացել էինք «Արարատ» համալիր, որտեղ  բոլորը հայ երեխաներ էին, լուսանկարվեցինք  նրանց հետ և նրանց հայկական ամսագրեր նվիրեցինք: Ես շատ նոր բաներ իմացա Իրանի մշակույթի և պատմության մասին»,- ասել է  Մերի Բերբերյանը:

Երևանի 78 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփի Միքայելյանի խոսքով` քանի որ իրենք դպրոցում ուսումնասիրում են պարսկերեն լեզու, այս ուղևորությունը իրենց համար  պրակտիկա եղավ:

«Որովհետև,  երբ  շրջապատում բոլորը խոսում են պարսկերեն, քո լեզուն էլ է բացվում: Այս ուղևորությունը հետաքրքիր էր նաև այն առումով, որ մասնակցում էին և’ բարձր, և’ ցածր դասարանների աշակերտներ»,- ասել է Արփի Միքայելյանը:

Բոլոր աշակերտներն էլ նշել են, որ իրենց համար սա շատ հաճելի ուղևորություն էր, և իրենք կցանկանային ևս մեկ անգամ լինել այնտեղ:

Նշենք նաև, որ աշակերտները Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում հանդիպել են  Իրանի Մեջլիսի ազգությամբ հայ պատգամավորների հետ և նրանց  ուղղել են  իրենց հետաքրքրող հարցերը:

Tekali Taxi