Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանահինի վանքի պատերին ծառեր են աճում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանահինի վանքի պատերին ծառեր են աճում

1972 թվականին Միավորված Ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունն (UNESCO) ընդունեց Բնության և մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան: Գրեթե ամեն տարի UNESCO-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն անցկացնում է նստաշրջաններ, որոնց ընթացքում քննարկվում են տարբեր երկրներում գտնվող բնության և մշակույթի բացառիկ հուշարձաններին Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ շնորհելու մասին հարցը: Այս պահի դրությամբ Հայաստանում կա 8 նման հուշարձան, որոնցից մեկն էլ Լոռվա մարզում գտնվող Սանահինի հանրահայտ վանական համալիրն է (X դար): Համաձայն արդեն հիշատակված կոնվենցիայի` այն պետությունները, որոնց տարածքում գտնվում են Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտները, իրենց վրա են վերցնում դրանք պահպանելու մի շարք պարտավորություններ:

Սակայն «Չենք լռելու» հասարակական նախաձեռնության` հուլիսի 16-ին կազմակերխած լրագրողական շրջայցի ժամանակ ականատես եղանք, թե ինչպես է «պահպանվում» համաշխարհային պատմամշակութային արժեքը:

Սանահինի վանքի համալիրը անմխիթար վիճակում է: Դրա կազմում գտնվող Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը, ամբողջովին պատված են խոտածածկով, իսկ վանքի պատերի վրա անգամ ծառեր են աճում: Համալիրի ներսում ջրափոսեր են գոյանում, և առաստաղից անձրևների ժամանակ կաթում է:

Սանահինի վանական հաստատությունը (Լոռու մարզ) հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան:

XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։

Tekali Taxi