Home / Հայաստան / «Իրավունքի և ազատության կենտրոն»-ը աջակցություն է հայտնել «Գալա» հեռուստաընկերությանը

«Իրավունքի և ազատության կենտրոն»-ը աջակցություն է հայտնել «Գալա» հեռուստաընկերությանը

«Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումից հետո իշխանությունները Հայաստանում համարում էին, որ ողջ հեռուստաեթերը այլևս գտնվում է իենց տոտալ վերահսկողության ներքո և, որ որևէ ազատ հեռուստաընկերություն Հայաստանում այլևս եթեր չի հեռարձակվելու: Այս մասին ասված է այսօր «Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի տարածած հայտարարության մեջ:

Հարությունյանը նշում է, որ «իշխանությունների ծրագրերը ձախողեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, որը 2008թ. նախագահական ընտրություններին նախորդող շրջանում ազատ գործելու հայտ ներկայացրեց»:

«2007 թվականից սկսած իշխանությունները, օգտագործելով իրենց ձեռքում եղած հնարավոր բոլոր լծակները, անում էին ամեն ինչ, որպեսզի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եթերում չլինի: Ի հեճուկս իշխանական ցանկությունների, իրականացվող ապօրինի ճնշումների ու հետապնդումների, շինծու դատավարությունների ու մտացածին հսկայական տուգանքների «ԳԱԼԱ»-ն շարունակեց մնալ եթերում: Այսօր, նոր ընտրությունների նախաշեմին, իշխանությունները հեռուստաընկերությանը եթերազրկելու նոր միջոց են մտածել`ապամոնտաժել ընկերության հեռարձակող սարքավորումները: Լրատվամիջոցների դեմ իշխանությունների տաս և ավել տարիներ առաջ սկսած ու չդադարող, գնալով էլ ավելի սաստկացող արշավը ընդամենը մեկ նպատակ ունի` սահմանափակել երկրում ազատ խոսքը և «անաղմուկ» ու «անցնցում» դարձնել կեղծված ընտրությունների միջոցով սեփական վերարտադրությունը», – նշում է հայտարարության հեղինակը:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ-ն դատապարտում է խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների յուրաքանչյուր ոտնձգություն և իր աջակցությունն է հայտնում «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը:

Tekali Taxi