Home / Հայաստան / Բանակային միջադեպից հետո զինվորի հորը հրավիրել են Պաշտպանության նախարարություն

Բանակային միջադեպից հետո զինվորի հորը հրավիրել են Պաշտպանության նախարարություն

Բանակում ծեծի ենթարկված զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանի հայրը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, այսօր հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Ռաֆիկ Հովհաննիսյանի հայրը մի քանի օր առաջ իր որդու իրավունքների պաշտպանության համար դիմել էր ՀՔԱ-ի Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ գումարտակի ինչ-որ սպա, որդու ձեռքին հեռախոս տեսնելով, վերցրել է այն և հրամայել որպես պատիժ փորի վրա կատարել վարժություն: Տղան հրաժարվել է կատարել սպայի հրամանը, որից հետո ենթարկվել է ծեծի, բռնությունների և անմարդկային վերաբերմունքի: Դեպքից հետո Ռաֆիկ Հովհաննիսյանին տեղափոխել են զորամասի բուժկետ, որից հետո Գորիսի հոսպիտալ, որտեղ տրամադրվել է բուժօգնություն և հետազոտություններ են իրականացվել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքման հաղորդագրություն էր տարածել` արձանագրելով, որ իրապես տեղի է ունեցել միջադեպ. արգելվել է զինծառայողին օգտագործել բջջային հեռախոս: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում են  ՀՔԱ-ի Վանաձորի գրասենյակից, Ռաֆիկ Հովհաննիսյանի առողջական լուրջ խնդիրների առկայությունը, ինչպես նաև նրա և նրա հարազատների անվտանգության եւ հնարավոր ճնշումներից զերծ մնալու երաշխիքների բացակայությունը հիմք չեն տալիս վստահելու խնդրի հրապարակայնացումից հետո թե’ զինծառայողից, թե’ նրա ծնողից վերցված պարզաբանումներին:

Ըստ իրավապաշտպանների` ՀՀ պաշտպանության նախարարությունը չի անդրադարձել բանակում ծեծի ենթարկված Ռաֆիկ Հովհաննիսյանի առողջական խնդիրներին, որոնց հիման վրա 2008 թվականին նրան մեկ անգամ տրվել է տարկետում: Չի պարզաբանվել Ռաֆիկ Հովհաննիսյանի 2011 թ. հունիսին զորակոչի ենթարկելու հիմնավորվածությունը:

Tekali Taxi