2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Իշխանության պատվիրակությունը պատրաստ է քննարկել Կոնգրեսի պահանջները


Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանության պատվիրակության անդամները պատրաստ են քննարկել Կոնգրեսի կողմից առաջ քաշված պահանջները:

Ինչպես «Ազատություն»  ռադիոկայանին փոխանցել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, հանդիպումների համար չեզոք վայր ընտրելու հարցը կքննարկվի և դրան լուծում կտրվի: Մյուս 3 պահանջները, ըստ Հարությունյանի, կքննարկվեն երկխոսության շրջանակներում:


Կոնգրեսի պահանջները «լուծելի և տրամաբանական» է համարել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, իշխանության պատվիրակության անդամներից Վարդան Բոստանջյանը:


Ուղիղ եթերով Կոնգրեսի  և իշխանությունների պատվիրակությունների հանդիպումները հեռարձակելու պահանջը Բոստանջյանը համարում է բնական.


«Այո, հասարակության լայն շերտերը թող ծանոթ լինեն, թե ինչ խնդիրներ մենք ունենք»:

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի հանրահավաքների հեռարձակման խնդրին, ես կարծում եմ, որ սա ևս դժվար, անլուծելի խնդիրներից մեկը չէ» - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելել է պատգամավորը:


«Իսկ ինչ վերաբերում է իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկման դադարեցում, տարաբնույթ խոչընդոտներ` սա պահանջ չէ, սա պարզապես մեր օրենքով դրված խնդիր է»,- ասել է Բոստանջյանը:


Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը երկու օր առաջ կայացած բանակցություններից հետո 5 կետ պարունակող հայտարարությամբ է հանդես եկել: