Home / Հայաստան / «Մի երկու կոպեկ կկաշառեն, կբրախեն, կգնան…». Սանահինը` հայաստանյան գյուղի խնդիրների հայելի

«Մի երկու կոպեկ կկաշառեն, կբրախեն, կգնան…». Սանահինը` հայաստանյան գյուղի խնդիրների հայելի

Սանահին գյուղում, որը 44 տարի առաջ մտել է Ալավերդի քաղաքի վարչական տարածքի մեջ, սակայն մինչ այսօր բնակիչների կողմից ընկալվում է որպես առանձին միավոր, մոտավորապես 500 մարդ է մնացել: Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Սանահինի վանքային համալիրի հարակից տարածքում իրենց ձեռքի աշխատանքերը վաճառող կանայք պատմել են իրենց խնդիրների մասին` նշելով, որ գյուղում մնացած բնակիչների մի մասը` «գործարանատիրոջ բարեկամ-ծանոթները», աշխատում են Ալավերդու պղնձի գործարանում, մյուս մասը` անասնաբուծությամբ է զբաղվում, իսկ շատերը լքել են գյուղը և «ռուսաստաններում» են:

«Սանահինը դատարկվում է, ջահելները գնում են, աշխատանք չկա», – բողոքում էին կանայք, որոնք չցանկացան ասել իրենց անունները` «էդ մեկն էլ թող գաղտնիք մնա»:

Սանահինում տիրող իրավիճակը, ըստ մեր զրուցակիցների, աղետալի է:

«Էնքան դռներ կա փակված ու անընդհատ փակվում են: Մենակ էս տարի 5 ընտանիք գնացել ա երկրից: Տարին տարվա վրա ավելի շատ մարդ ա գնում: Էնքան պրոբլեմ կա, էլ դու սուս, խմելու ջուր չունենք, 97-ից հետո կտրեցին ջուրը, վերևի թաղի ապրողները գազ չունեն, բայց իրանք ինչո՞վ են մեղավոր, որ մագիստրալ չկա, որ գազ քաշեն: Կենտրոնական փողոցներում քաշած ա, ծայրամասերում չկա: Անընդհատ խոստանում են, որ հարցերը կլուծեն, բայց ո՞ւր ա: Ժողովրդին խաբած են պահում»,-ասում էր ձեռագործ գուլպաներ վաճառող կինը:

Կանայք համոզված էին, որ իրենց խնդիրներին ժամանակավոր լուծում կտրվի միայն որևէ ընտրություններից առաջ:

«Կգան, կխաբեն, մի երկու կոպեկ կկաշառեն, կբրախեն, կգնան: Ժողովրդին մենակ ընտրություններից առաջ են հիշում, բայց էդ մենակ գյուղում չի, ամեն տեղ էլ տենց ա», – նշել են նրանք:

Tekali Taxi