2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Երևանում կայանալիք Մանկական Եվրատեսիլի տարբերանշանը պատրաստ է. Ադրբեջանն ու Թուրքիան դեռ հայտեր չեն ներկայացրել

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Մանկական եվրատեսիլ-2011»-ի գործադիր պրոդյուսեր Լևոն Սիմոնյանը, Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը և «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը ներկայացրել են առաջին անգամ Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ- 2011»-ի տարբերանշանը և նշանաբանը: Ինչպես նաև արդեն հայտնի է «Եվրատեսիլ»-ի անցկացման օրը և վայրը. այն կկայանա դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

«Ինչպես տեսնում ենք, այն ներկայացնում է սարեր և երաժշտական էկվալայզեր, որը խորհրդանշում է բարձունք: Մեր խորհրդանիշն է՝  «Հասիր բարձունքին» (Reach for the top)»,- ներկայացրել է Գոհար Գասպարյանը:

Տարբերանշանի վրա պատկերված սարերը հիշեցնում են Մասիսն ու Սիսը:

«Կարծում եմ՝ ցանկացած մարդ՝ լինի դա հայ, լինի դա եվրոպացի, լինի դա աշխարհի ցանկացած ծայրում ապրող մեկը, ինչ-որ հոգեհարազատ բան կտեսնի այս ամենի մեջ, պարզապես շատ ուժեղ սարեր են»,- հավելել է նա:

Գասպարյանի խոսքով` այսօրվա դրությամբ մանկական Եվրատեսիլին մասնակցելու համար դիմել է 12 երկիր՝  Բելառուս, Բելգիա, Վրաստան, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Հոլանդիա, Ռուսաստանի Դաշնություն, Սան Մարինո, Շվեդիա, Ուկրաինա, քննարկվում է նաև Հունաստանի և Բուլղարիայի մասնակցությունը, բայց սա դեռ վերջնական ցանկը չէ:

Կազմակերպիչները նշել են, որ Ադրբեջանը և Թուրքիան դեռևս հայտեր չեն ներկայացրել, սակայն վստահեցրել են, որ բոլոր մասնակիցների համար ապահովվելու է անվտանգ և խաղաղ մեկ շաբաթ: