Home / Հայաստան / Այսօր մեկնարկելու են ընդդիմություն-իշխանություն լիարժեք բանակցությունները. Զուրաբյան

Այսօր մեկնարկելու են ընդդիմություն-իշխանություն լիարժեք բանակցությունները. Զուրաբյան

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, մեկնաբանելով այսօր ժամը 12-ին կառավարության ընդունելությունների տանը կայանալիք Կոնգրեսի պատվիրակության և իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ սա լիարժեք բանակցությունների առաջին ռաունդն է:

Զուրաբյանի խոսքով` առաջին հանդիպման ժամանակ ընդդիմությանը պետք էր հասկանալ, թե ինչպես պետք է կառուցվի բանակցությունների լիարժեք ձևաչափը, ինչը հնարավոր կլիներ միայն, երբ պարզ դառնար, որ իշխանությունների պատվիրակությունը ունի լիազորություններ`անձամբ Սերժ Սարգսյանից և պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը:

Ըստ Կոնգրեսի համակարգողի, այդ հարցով իրենք բոլոր անհրաժեշտ հավաստիացումները ստացել են, երբ իշխանությունների կողմից ձևավորված աշխատանքային խմբի կողմից արվեցին համապատասխան հայտարարություններ, ուստի դրանից հետո ընդդիմությունը արձագանքեց`հայտարարելով, որ ձևաչափի հարցը լուծված է և իրենք արդեն կարող են սկսել լիարժեք բանակցություններ:

«Այս հանդիպումը կլինի նման լիարժեք բանակցության առաջին ռաունդը: Մեր ակնկալիքն այն է, որ մենք բանակցությունների միջոցով լուծենք Հայաստանում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման խնդիրը, քանի որ մենք մտածում ենք, որ դա Հայաստանում առաջացած խորը քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման միակ միջոցն է»,- նշել է Զուրաբյանը:

Tekali Taxi