Home / Հայաստան / Վարչապետի «նպատակային սոցիալական քաղաքականությունը». զոհվածների ընտանիքներին` 20 հազար դրամ ավել

Վարչապետի «նպատակային սոցիալական քաղաքականությունը». զոհվածների ընտանիքներին` 20 հազար դրամ ավել

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում բարձրացրել է զոհված զինծառայողների շուրջ 5300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը` 10 հազար դրամի փոխարեն սահմանելով 30 հազար դրամ, որին լրացուցիչ կավելացվի յուրաքանչյուր երեխայի (շուրջ 1300 երեխա) համար 20 հազար դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

Միաժամանակ 2011թ. սեպտեմբեր ամսից Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած շուրջ 4000 անձի տրվող դրամական պարգևի չափը կբարձրացվի 5000 դրամով։

Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս որոշումն անհրաժեշտ է հանգամանորեն ներկայացնել ԶԼՄ-ներին։ «Այս որոշմամբ մենք մեր սոցիալական քաղաքականությունը դարձնում ենք ավելի նպատակային և ավելացնում ենք այն վճարները, որոնք իրականացնելու ենք պետական բյուջեից: Նաև պետք է հավաստիացնենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որ այս որոշման արդյունքում նրանք պետության կողմից ստանալու են ավելի մեծ ֆինանսական օժանդակություն, ինչպես նաև պատերազմի մասնակիցները 5000 դրամով ավելի կստանան և պատերազմական գործողություններում հաշմանդամ դարձած անձինք նույնպես ֆինանսական օժանդակություն են ստանալու», – ասել է ՀՀ վարչապետը։

Նշենք, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց յուրաքանչյուր հինգշաբթի` գործադիրի նիստի օրը, բողոքի ակցիա են անցկացնում հայկական բանակում զոհված զինծառայողների ծնողները` պահանջելով պարզել իրենց որդիների մահվան իրական հանգամանքները: Ակցիաների ընթացքում նրանք բազմիցս նշել են, որ չեն հավատում պաշտոնական վարկածներին, համաձայն որոնց իրենց որդիները կամ ինքնասպան են եղել կամ մահացել են դժբախտ պատահարի արդյունքում:

Tekali Taxi