Home / Հայաստան / 66 տարվա ազատազրկում Թունիսի նախագահին. նոր դատավարությունները առջևում են

66 տարվա ազատազրկում Թունիսի նախագահին. նոր դատավարությունները առջևում են

Հուլիսի 28-ին Թունիսի նախկին նախագահ Զին էլ Աբիդին բեն Ալին 16 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի և անշարժ գույքի հետ կապված մեքենայությունների համար, հայտնում է Agence France-Presse գործակալությունը:

Միևնույն օրը դատարանը վճիռ է կայացրել նաև բեն Ալիի աղջկա`Ալի Նեսրինի և փեսայի` Սակրա ալ-Մատերիի նկատմամբ: Անշարժ գույքի հետ կապված մեքենայությունների համար նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է համապատասխանաբար 8 և 16 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ, բեն Ալին և նրա հարազատները ստիպված կլինեն նաև բազամամիլիոնանոց դրամային տուգանքների վճարել:

Այս դատական նիստը Բեն Ալիի գործով թվով երրորդ դատավարությունն էր նրա պաշտոնանկությունից հետո: 2011 թվականի հուլիսի 4-ին բեն Ալին դատապարտվել էր 15 տարվա ազսատազրկման զենքի և թմրանյութերի ապօրինի տնօրինման համար: Այս վճռից երկու շաբաթ առաջ նախկին նախագահն ու նրա կինը`Լեյլա Տրաբելսին, մեղավոր էին ճանաչվել պետական գույքի հափշտակման մեջ և դատապարտվել էին 35 տարվա ազատազրկման: Ընդհանուր առմամբ, նրա ազատազրկման ժամկետն արդեն կազմում է 66 տարի:

Ակնկալվում է, որ շուտով բեն Ալիին կդատեն նաև պաշտոնական դիրքի չարաշահման և զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ցուցարների սպանության համար:

Անձամբ նախկին նախագահը իր նկատմամբ ընթացող դատական գործընթացն անվանել է «արդարադատության նմանակում»:

Ներկայումս բեն Ալին կնոջ հետ թաքնվում է Սաուդյան Արաբիայում: Նրանք փախել են երկրից 2011 թվականի հունվարին տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Թունիսի հեղափոխությունը խթան հանդիսացավ արաբական մի շարք երկրներում բողոքի ալիքի և խռովությունների ծավալման համար:

Tekali Taxi