Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի համար խումբն անհույս չէ. կարծիքներ մարզական վերլուծաբաններից

Հայաստանի հավաքականի համար խումբն անհույս չէ. կարծիքներ մարզական վերլուծաբաններից

2014 թվականի Աշխարհի գավաթի ընտրական խումբը, որում հայտնվել է Հայաստանի հավաքականը, միանշանակ, շատ ավելի ուժեղ է, քան Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստանի ընտրանու խումբը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը:

Հունիսի 30-ին Բրազիլիայում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական խմբում խաղալու է Իտալիայի, Չեխիայի, Դանիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ:

«Իտալիան համեմատելի չէ Ռուսաստանի հետ, նույն ձևով Դանիան ու Չեխիան շատ ավելի ուժեղ են, քան Իռլանդիան ու Սլովակիան: Ամեն դեպքում առավել կարևոր է, թե ինչ խնդիր է դրվելու մեր ընտրանու առաջ աշխարհի 2014 թվականի ընտրական փուլում: Եթե դա ուղեգրի նվաճումն է, ապա, կարծում եմ, այդ մասին կարելի է խոսել միայն Եվրո-2012-ի ընտրական փուլի ավարտից ու Հայաստանի ցույց տված արդյունքները վերլուծելուց, համապատասխան եզրահանգումներ անելուց հետո: Թերևս ավելի ճիշտ կլինի խմբում 3-րդ տեղի համար պայքարելու խնդիր դնելը, հավաքականը պատրաստելը Եվրո-2016-ի ընտրական փուլին` այդ մրցաշարում եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու նպատակով», – ասել է Արմեն Նիկողոսյանը:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, խումբն անհույս չէ Հայաստանի հավաքականի համար:

«Իտալիայի, Չեխիայի, Դանիայի, Բուլղարիայի, առավել ևս, Մալթայի հետ խաղերը մեր թիմի համար պետք է լինեն հատիկ-հատիկ եզրափակիչներ, ու այդ դեպքում հնարավոր է շատ ավելի մեծ խնդիրներ լուծել», – նշել է Նիկողոսյանը:

Regnum գործակալության մարզական վերլուծաբան Արամ Արոյանը նույնպես այն  կարծիքին է, որ Հայաստանի հավաքականը հայտնվել է բավական բարդ խմբում:

«Ակնհայտ ֆավորիտը խմբում Իտալիան է, իսկ երկրորդ տեղի համար, իմ կարծիքով, կպայքարեն չեխերը, դանիացիները և, ինչու չէ, հայերը: Չնայած, Վարդան Մինասյանի թիմի համար և ոչ մի հանդիպում հեշտ չի լինի, քանի որ անգամ Մալթան «գաճաճների» մեջ ամենապատրաստված թիմն «, – նշել է Արոյանը:

Նրա կարծիքով` չեխերն ու դանիացիներն մի քանի տարի առաջ ավելի ահեղ թիմեր էին:

«Սակայն դա ոչինչ չի նշանակում, քանի որ նրանք ավանդաբար սովոր են լուծել ամենաբարդ խնդիրները: Բուլղարիայի հավաքականը չի փայլում, սակայն հայտնի չէ, թե 1-1,5 տարի հետո ինչ է իրենից ներկայացնելու այդ թիմը:

Վստահություն կա, որ մինչև 2014 թվականի Աշխարհի գավաթի որակավորման փուլ Հայաստանի հավաքականն էլ ավելի ուժեղ կլինի: Մեր այսօրվա հավաքականի հիմնական ձեռքբերումն այն է, որ այն ալևս չի ընկրկում ահեղ մրցակիցների առջև և իր խաղն է խաղում: Հավատացած եմ, որ սեփական հարկում մեր հավաքականը կարող է հաղթել յուրաքանչյուր մրցակցի, իսկ գրագետ մարտավարության, սառնասրտության և նաև հաջողակ լինելու դեպքում կարող է միավորներ կորզել նաև արտագնա խաղերում», – ասել է Արոյանը:

Ամփոփելով` նա նշել է, որ Հայաստանի հավաքականն ի վիճակի է պայքարել երկրորդ տեղի համար:

Այդ կարծիքը չի կիսել Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, ով Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ մեր թիմի` առաջին և երկրորդ տեղերի համար պայքարելու հնարավորությունները շատ չնչին են, գրեթե զրոյական, չնայած գալիք ընտրական փուլում Հայաստանի հավաքականը պետք է  իր լավագույն ֆուտբոլը ցուցադրի:

«Մեզ պատմության ընթացքում ամենաբարդ խմբերից մեկն է բաժին հասել: Այստեղ չեմ կարևորում առաջին զամբյուղի թիմը, որն ամեն դեպքում պետք է ուժեղ լիներ, այլ 2-րդ, 3-րդ, 4-րդ զամբյուղների հավաքականները (Դանիա, Չեխիա, Բուլղարիա), որոնք բարդագույն տարբերակներն են», – ասել է Էդուարդ Քալանթարյանը:

Մարզական մեկնաբանի կարծիքով` նման խմբում 4-րդ տեղը զբաղեցնելը կարող է լավ արդյունք համարվել:

Tekali Taxi