Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանը պատմել է Կոնգրեսի 3 տարվա ձեռքբերումների մասին

Լևոն Զուրաբյանը պատմել է Կոնգրեսի 3 տարվա ձեռքբերումների մասին

Երեք տարի առաջ օգոստոսի 1-ին ստեղծվել է Հայ Ազգային Կոնգրեսը: Այդ օրը 16 կուսակցությունների ներկայացուցիչները և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց ստորագրությունները դրեցին Կոնգրեսի հուշագրի տակ:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ այդ երեք տարիներին Կոնգրեսի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ առաջին անգամ ընդդիմությունը, հակառակ բոլոր կանխատեսումների, ոչ թե միավորվեց միայն ընտրությունների համար ու հետո նորից մասնատվեց, ինչպես մի քանի անգամ եղել էր մինչ այդ, այլ պահպանեց այդ համախմբվածությունը բավական երկար ժամանակ անգամ մի վիճակում, երբ չկային նախատեսված ընտրություններ:

«Անգամ ավելացրեց անդամակից կուսակցությունների թիվը: Օգոստոսի 1-ին 16-ն էին, հիմա` 18 են դարձել: Ամբողջ Հայաստանում ստեղծեց ավելի քան 40 տարածքային կառույցներ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց համախմբված ընդդիմության ստվերային կամ այլընտրանքային կառավարություն, որը զբաղված է կառաավարման բոլոր բնագավառներում ծրագրերի մշակումով: Դրանցից ամենակարևորը «100 քայլ» ծրագիրն էր, որը ցույց տվեց, որ Կոնգրեսի մեջ միավորված տարբեր ուղղությունների կուսակցյուններն ի վիճակի են վեր կանգնել իրենց գաղափարախոսական հակասություններից և հանդես գալ համատեղ ծրագրով»,- ասել է Զուրաբյանը:

Վերջինս որպես մեկ այլ ձեռքբերում նշել է նաև այն, որ Կոնգրեսը կարողացավ, ըստ էության, իշխանություններին բերել բանակցությունների սեղան, պարտադրել բանակցություններ` Հայաստանում համակարգային փոփոխություններ կատարելու օրակարգով:

«Ըստ էության, Կոնգրեսը ցույց տվեց, որ այն ոչ միայն Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, այլ նաև պարտադրում է ներքաղաքական գործընթացների զարգացումների օրակարգը»,- ասել է ՀԱԿ համակարգողը:

Կոնգրեսի երեքամյակի կապակցությամբ Լևոն Զուրաբյանը շնորհավորել է Կոնգրեսում ընդգրկված 18 կուսակցություններին:

«ՀԱԿ-ը ինչպես կար ստեղծման օրը, այնպես էլ մինչև հիմա մնում է հայ ժողովրդի, հասարակության իղձերի, ցանկությունների և քաղաքական նկրտումների կրողը: Շնորհավորում եմ նաև այն մեծ անկուսակցական համակիրների բանակին, որն այսօր, կարելի է ասել, Կոնգրեսի հզորության հիմնական մասն է կազմում: Շնորհիվ ընտրված այս ձևի, մենք կարողացանք ոչ միայն կուսակցականացված, քաղաքականացված մարդկանց ներգրավել շարժման մեջ, այլ ըստ էության շարժումը վերածել հզոր, լայն, ընդգրկուն համաքաղաքացիական շարժման»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Tekali Taxi