Home / Հայաստան / Մաշտոցի պողոտայի բնակիչները պատրաստ են «արյուն թափել» իրենց կրպակների համար

Մաշտոցի պողոտայի բնակիչները պատրաստ են «արյուն թափել» իրենց կրպակների համար

Այսօր առավոտվանից լուրջ իրարանցում է սկսվել Մաշտոցի պողոտայում` «Փակ շուկայի» դիմացի մայթին գտնվող դալանների մոտ:

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ` դալանների ներսից պետք է ապամոնտաժվեն կրպակները, մասնավորապես, կոշկակարի կրպակը, սրճաղացը, գունավոր մետաղների ընդունման կետը: Այդ կրպակներն «աշխատացնում են» նույն շենքի բակի բնակիչները:

Նշված վայր են ժամանել «Կենտրոն» թաղապետարանի աշխատակիցները` ոստիկանության ուղեկցությամբ, որոնք զգուշացնում էին կրպակատերերին, որ իրենց կրպակներն այսօր ապամոնտաժելու են:

Epress.am-ի թղթակիցը փոխանցում է Մաշտոցի պողոտայից, որ բորբոքված կրպակատերերը թաղապետարանի աշխատակիցների հետ զրույցում ասում էին, որ «թույլ չեն տա, որ կրպակները քանդեն» ու «եթե ստեղ մեկը ձեռ ա տվել, արյուն ա թափվելու»:

Նրանք նշում էին, որ կրպակներում իրականցվող առևտրից ստացած եկամուտն իրենց ապրուստի միակ միջոցն է և իրենք պատրաստ են մինչև վերջ պայքարել կրպակների համար:

Թաղապետարանի աշխատակիցները նշում էին, որ կրպակների շահագործման ժամկետը լրացել է, և դրանք ապօրինի են գործում:

Բնակիչները, իրենց հերթին, պատմում էին, որ նախորդ պայմանագիրը լրանալուց հետո իրենք դիմում են ներկայացրել քաղաքապետարան պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին, սակայն քաղաքային իշխանությունները չեն երկարացրել պայմանագիրը:

Նշենք, որ այսօր նույն վիճակն էր ստեղծվել Աբովյան փողոցում` Երիտասարդական մետրոյի հարևանությամբ, որտեղ նույնպես պետք է մի շարք կրպակներ ապամոնտաժեն:

Երկու վայրերի կրապակատերերը պատրաստվում են միանալ և այսօր բողոքի ակցիա կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև Փափազյան փողոցում, որտեղ կրապակատերը նույնպես պատրաստվում են թույլ չտալ իրենց կրպակների ապամոնտաժումը: Նրանք դիմում-բողոք են հղել Երևանի քաղաքապետարան և սպասում են պատասխանի:

Tekali Taxi