Home / Հայաստան / Ինչու է Մեդվեդևը առաջին հանդիպման համար ընտրել Ալիևին, այլ ոչ Սարգսյանին

Ինչու է Մեդվեդևը առաջին հանդիպման համար ընտրել Ալիևին, այլ ոչ Սարգսյանին

Օգոստոսի 9-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոչիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման հիմնական թեման է դառնալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Եթե բանակցությունները հաջող ընթանան, հաջորդ քայլը, հավանաբար, կլինի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որին կհետևի եռակողմանի գագաթաժողով, գրում է «Մոսկովսկիե նովոստի» թերթը:

Վերջին անգամ Սարգսյանը, Մեդվեդևը և Ալիը հանդիպել են հունիսի վերջին Կազանում: Գագաթաժողովը որևէ արդյունք չտվեց. կողմերը հրաժարվեցին փաստաթուղթ ստորագրել:

Համաձայն «ՄՆ»-ի աղբյուրների` Կազանի հանդիպման ձախողումը պայմանավորված էր նրանով, որ ռուսաստանցի և հայաստանցի դիվանագետները գերագնահատել են Բաքվի` քաղաքական զիջման գնալու ծավալները: Մեդվեդևը ստիպված է եղել շատ արագ շտկել իրավիճակը: Նա Սարգսյանին ու Ալիևին նամակներ է հղել, որոնցում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականը:

Ըստ պարբերականի աղբյուրների` Ռուսաստանի նախագահը ողջամիտ է համարել ադրբեջանական կողմի որոշ փաստարկներ: Եվ պատահական չէ, որ Մեդվեդևի նամակին առաջինն արձագանքել է հենց Ալիևը:

«Տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը համաձայնել է այն դրույթների հետ, որոնք արձանագրվել են Մեդվեդևի նամակում: Իսկ թե ինչ է պատասխանել Սարգսյանը, առայժմ հայտնի չէ», – «ՄՆ»-ի հետ զրույցում ասել է փորձագետ Ալեքսեյ Վլասովը: Ըստ նրա` դա է պատճառը, որ առաջին հանդիպումը Մեդվեդևն անցկացնում է Ալիևի, այլ ոչ թե Սարգսյանի հետ: Եթե Ալիևի հետ բանակցություններն արդյունավետ լինեն, Մեդվեդևը կհանդիպի Սարգսյանի հետ, որից հետո` օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, կկայանա «ճանապարհային քարտեզի» ստորագրումը: «Եթե դա այդպես է, ապա, կարելի է ասել, որ կողմերը դուրս են գալիս բանակցային գործընթացի նոր փուլ», – եզրափակել է Վլասովը:

Tekali Taxi