Home / Հայաստան / Քաղապետարանն ընդդեմ քաղաքացիների. 73-ամյա տղամարդուն տարել են հիվանդանոց

Քաղապետարանն ընդդեմ քաղաքացիների. 73-ամյա տղամարդուն տարել են հիվանդանոց

Այսօր Երևանի քաղաքապետարանի որոշումն Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների կողմից ի կատար ածելու հետևանքով Արամ Խաչատրյան փողոցի 17-րդ շենքի 73-ամյա մի բնակչի տեղափոխել են հիվանդանոց:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է հարակից շենքի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:

Նրա խոսքով՝ ցերեկը Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ ժամանել են շենքի բակ և առանց որևէ որոշում ցույց տալու, ընդամենը բանավոր նշելով, որ կատարում են քաղաքապետի հրամանը, փորձել են քանդել Խաչատրյան փողոցի թիվ 17 շենքի առաջին հարկերի առջև կառուցված պատշգամբներն ու փոքրիկ հողամասերը:

Բնակիչները սկսել են դիմադրել թաղապետարանի աշխատակիցներին, առաջացել է քաշքշոց, որի հետևանքով հողամասերից մեկի սեփականատիրոջ՝ 73-ամյա տղամարդու սիրտը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Դրանից հետո թաղապետարանի աշխատակիցները հեռացել են, սակայն բնակիչները վստահություն են հայտնել, որ վաղը նրանք կրկին կգան՝ «կիսատ թողած գործն ավարտին հասցնելու համար»:

Ինչպես փոխանցել է մեր զրուցակիցը, բոլոր բնակիչները ունեն առաջ եկած պատշգամբների սեփականության իրավունք:

Նրա խոսքով՝ տների առջևի փոքրիկ հողամասերը «նրանք շատ լավ խնամում են և դրանք գեղեցկացնում են փողոցը»:

Նշենք նաև, որ տարածքի բնակիչները մտահոգություն են հայտնել, որ թաղապետարանի աշխատակիցները ցանկություն ունեն այդ փողոցի բոլոր շենքերում իրականացնել եղած հողամասերի քանդման գործընթացը:

Tekali Taxi