Home / Հայաստան / Քաղաքապետարանը փոխեց իր բյուջեն. Երևանում լրացուցիչ ծրագրեր կիրականացվեն

Քաղաքապետարանը փոխեց իր բյուջեն. Երևանում լրացուցիչ ծրագրեր կիրականացվեն

Օգոստոսի 8–ին գումարված Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի բյուջեում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը: Աշխատակազմի ֆինանսական վարչության պետը, հիմնավորելով որոշման անհրաժեշտությունը, նշել է, որ բյուջեում եկամուտների ավելացման և ծախսային ուղղությունների վերաբաշխման արդյունքում հնարավորություն է ընձեռվում իրականացնել լրացուցիչ մի շարք ծրագրեր:

Լրացուցիչ գումարների հաշվին, մասնավորապես, շենքերի ֆասադային մասերի բարեկարգման ծրագրում կընդգրկվեն ևս 200 շենքեր: Լրացուցիչ գումարներ կուղղվեն Երևան քաղաքի հեղեղատար կոյուղու վերակառուցման և բարեփոխման աշխատանքների Երևանի քաղաքապետի կողմից հաստատված ծրագրի որոշ առաջնահերթ աշխատանքների իրականացմանը: Մասնավորապես, կվերականգնվեն ու կվերանորոգվեն Թևոսյան, Սևանի, Ծխախոտագործների, Ռուբինյանց և Լենինգրադյան փողոցների անձրևատարերն ու անձրևընդունիչները:

Զբոսաշրջային ոլորտում աշխարհում ընդունված տուրիստական ավտոբուսներով մայրաքաղաքի տեսարժան վայրերով զբոսաշրջային բազմալեզու շրջայցեր կազմակերպելու նպատակով, ինչը նաև բյուջետային լրացուցիչ եկամուտներ կապահովի, ձեռք կբերվի երկու երկհարկանի ավտոբուս£  Լրացուցիչ գումարների հաշվին կիրականացվեն նաև բնապահպանական, շինբարեկարգման, տոնական միջոցառումների և բնակչության հանգստի կազմակերպման մի շարք այլ ծրագրեր:

Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին որոշման նախագծի վերաբերյալ հարցի առնչությամբ նախագիծը ներկայացնող անշարժ գույքի կառավարման վարչության պետը,  որպես պարզաբանում,  նշել է, որ ավագանու տվյալ որոշմամբ մայրաքաղաքի հողային որևէ տարածքի գործառնական նշանակություն չի փոխվում, այլ ընդամենը հավանություն է տրվում կադաստրի պետական կոմիտեի կողմից փաստագրված և տրամադրված փաստացի իրավիճակին:

Ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել նաև «Երևան Սիթի Փարքինգ Սերվիս Սիստեմս» ընկերություն հիմնելու մասին որոշման նախագծին: Մայրաքաղաքում ժամանակակից, ապահով և մատչելի ճանապարհային կառավարման և անվտանգության համակարգ ներդնելու նպատակով` Երևանի քաղաքապետարանի և Լատվիական «Սիթի Փարքինգ Սերվիս Սիստեմս» ընկերության միջև կնքվել է երկարաժամկետ համագործակցության պայմանագիր:

Այդ պայմանագրի հիման վրա ավագանու որոշմամբ ստեղծված ընկերությունը նախնական փուլում շեշտը դնելու է ժամանակակից ավոկայանատեղերի ստեղծման և կառավարման վրա: Լատվիական կողմն, ըստ պայմանագրի, մայրաքաղաքում շուրջ 4 մլն եվրո արժողությամբ ներդրում կկատարի: Կներկրվեն ժամանակակից 450 ավտոկանգառման և գրասենյակային սարքավորումներ:

Tekali Taxi