Home / Հայաստան / Հայաստանցիները խոշոր հաշվով զիջեցին Լիտվային

Հայաստանցիները խոշոր հաշվով զիջեցին Լիտվային

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Կաունասում կայացած ընկերական խաղում 0:3 հաշվով զիջեց Լիտվայի ընտրանուն:

Չնայած հայաստանցիները անհաջող սկսեցին հանդիպումը, սեփական դարպասը գնդակ ընդունելով արդեն 9-րդ րոպեին (գլխի հարվածով աչքի ընկավ Առունաս Կլիմավիչյուսը), մեր թիմին շատ արագ հաջողվեց հավասարեցնել խաղը և անգամ տարածքային առավելություն ստանալ:

Առաջին վտանգավոր հարվածը մրցակցի դարպասին կատարեց Հայաստանի հավաքականի նորեկ Արթուր Սարկիսովը, սակայն լիտվացիների դարպասապահ Ժիդրունաս Կարչեմարսկասը հետ մղեց գնդակը: Խաղակեսի վերջին րոպեին Հենրիխ Մխիթարյանը գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ, որտեղ մրցակցի պաշտպանը, ցանկանալով հեռացնել գնդակը, հարվածեց սեփական դարպասին, բայց գնդակը աննշան շեղությամբ դուրս եկավ դարպասաձողի կողքով:

Երկրորդ խաղակեսում հայաստանցիները շարունակում էին տիրել նախաձեռնությանը, բայց 58-րդ րոպեին դաշտի կենտրոնում կոպիտ խաղաց թիմի նորեկ, երիտասարդ պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով երկրորդ դեղինը ստացավ՝ հեռացվելով խաղադաշտից: Անգամ տասը հոգով Հայաստանի ընտրանին կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց Յուրա Մովսիսյանը չկարողացավ օգտվել Կարչեմարսկասի կոպիտ սխալից, ով գնդակը դուրս բերելուց այն փոխացնեց մեր հարձակվողին: Մովսիսյանը փորձեց շրջանցել Կարչեմարսկասին և հարվածել, բայց դարպասապահը ցատկով ուղղեց իր սխալը:

Խաղի ելքը վճռվեց 75-ից 78-րդ րոպեներն ընկած ժամանակահատվածում, երբ նախ Էդգարաս Չեսնաուսկիսը իրացրեց տուգանայինը, ապա փոխարինման դուրս եկած Ռիկարդաս Բենյուշիսը խփեց երրորդ գնդակը:

3:0 հաշիվը չէր համապատասխանում հանդիպման տրամաբանությանը, սակայն սա Հայաստանի ընտրանու համար կարող է կարևոր դաս լինել Եվրո-2012-ի ընտրական փուլի վերջին 4 հանդիպումներից առաջ:

Tekali Taxi