Home / Հայաստան / Գլխապտույտներ, գլխացավեր. մեկուսարանում գտնվող ընդդիմադիրները մտահոգված են

Գլխապտույտներ, գլխացավեր. մեկուսարանում գտնվող ընդդիմադիրները մտահոգված են

Oգոստոսի 9-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված և ավելի ուշ ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստների հարազատներն այսօր ժամը 15:00-ի սահմաններում գնացել են  Ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ)  և երեք ժամ սպասելուց հետո հնարավորություն են ստացել տեսակցելու իրենց զավակների հետ: Ինչպես հաղորդել է Epress.am-ի թղթակիցը ՁՊՎ-ի շենքի մոտից, մինչ հանդիպումը շենքից բղավոցներ են լսվել: Ներկաները կարողացել են տարբերել ձերբակալված ակտիվիստներից երկուսի՝ Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի ձայները:

Երիտասարդները պատուհանից ասում էին, որ իրենք բժշկի կարիք ունեն, սակայն իրենց մոտ բժիշկ չեն թողնում:

Մեր տեղեկություններով, ավելի վաղ՝ ժամը 13.40-ի սահմաններում,  երիտասարդներից  Տիգրան Առաքելյանին ՁՊՎ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա մոտ արձանագրել են գլխի սալջարդ: Ստուգումից հետո Առաքելյանին դարձյալ տեղափոխել են ՁՊՎ:

Հանդիպումից հետո ձերբակալված երիտասարդներից երկուսի՝ Սարգիս և Արեգ  Գևորգյանների քույրը` Անի Գևորգյանը, Epress.am-ի հետ զրույցում փոխանցել է Արեգ Գևորգյանի պատմածը օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցածի մասին:

Ակտիվիստի խոսքով՝ Կոնգրեսի երիտասարդներ և աղջիկներ Կարապի լճում զբոսնելիս են եղել և տեսել են, որ մի քանի տասնյակ կարմիր բերետավորներ վազում են դեպի Խնկո Ապոր գրադարան:

Քայլելով այդ ուղղությամբ՝ նրանք տեսել են, որ Տիգրանը և Արտակը գետնին են տապալված, իսկ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկում նրանց:

Երիտասարդները պահանջել են,  որպեսզի կարմիր բերետավորների խմբի ղեկավարը՝ Արթուր Տեր-Պողոսյանը, դադարեցնի բռնություն գործադրել:

Գևորգյանի խոսքով՝ վերջինս ասել է. «Հա, տղաներ ջան, սպասեք,  հետ քաշվեք, ես հեսա իրենց (կարմիր բերետավորներին) հետ կքաշեմ»:

Երիտասարդները հետ են քաշվել, սակայն մոտ 30  կարմիր բերետավորներ հարձակվել են հենց իրենց վրա, տապալել են գետնին, դաժան ծեծի են ենթարկել և ձեռնաշղթաներ հագցնելով տարել են ոստիկանության բաժին:

Երիտասարդը նշել է, որ ոստիկանության բաժին մտնելիս կարմիր բերետավորները իր և եղբոր գլխին ուժեղ հարվածներ են հասցրել:

Անի Գևորգյանը նաև նշել է, որ երիտասարդների մոտ գլխացավեր, գլխապտույտներ և սրտխառնոց կա, իսկ Արեգ Գևորգյանի ինքնազգացողությունն այսօր այնքան է վատացել, որ իր մոտ փխսում է առաջացել:

«Ու քանի որ հարվածների մեծ մասը հասցվել է գլխի հատվածում, երիտասարդների մոտ մտավախություն կա, որ դրանցից կարող են լուրջ հետևանքներ առաջանան: Օրինակ, գեմատոմա առաջացած լինի: Բայց փաստացի իրենք զրկված են բուժում ստանալու հնարավորությունից», – ասել է Անի Գևորգյանը:

Նշենք, որ այսօր երիտասարդներին հանդիպել են նաև իրենց փաստաբանները:

Tekali Taxi