Home / Հայաստան / «Ոստիկանաորսը» և չհավատացողների պրոբլեմները. Ալիկ Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության վարկածը

«Ոստիկանաորսը» և չհավատացողների պրոբլեմները. Ալիկ Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության վարկածը

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներն արդեն երեք-չորս ամիս է` «ոստիկանաորսի» են դուրս եկել: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` խոսելով օգոստոսի 9-ին  Կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների ձերբակալության  մասին:

Ոստիկանապետի խոսքով` վերջին շրջանում ակտիվիստներն անընդհատ վեճեր են հրահրում ոստիկանների հետ:

Ալիկ Սարգսյանն ասել է, որ ինքը զրուցել է միջադեպի մասնակից բոլոր ոստիկանների հետ, ովքեր ներկայացրել են տեղի ունեցածի իրենց վարկածը: Նրանց խոսքով` Կարապի լճի մոտ ոստիկանները նկատել են, որ մի քաղաքացի առանց  դնչկալի զբոսնելու է հանել իր շանը, իսկ իրավապահները զգուշացրել են, որ շանը դնչկալ հագցնի:

Այդ պահին նրանց մոտեցել են երկու երիտասարդներ, որոնցից մեկը եղել է Տիգրան Առաքելյանը: Նրանք ոստիկաններին հարցրել են, թե ինչու են վերջիններս անհանգստացնում քաղաքացուն, որից հետո վեճ է սկսվել: Վեճի ընթացքում ոստիկաններին ակտիվիստների մեկ այլ խումբ է մոտեցել:

Հիշեցնենք, որ միջադեպի մասնակից ակտիվիստներից Արեգ Գևորգյանը երեկ նշել էր, որ երկրորդ խումբը, մոտենալով դեպքի վայր, տեսել է, թե ինչպես են ոստիկանները ծեծի ենթարկում Տիգրան Առաքելյանին:

Ոստիկանապետը նշել է,  որ միջադեպը տևել է  մոտ 20 րոպե, որից հետո երիտասրդներին բերման են ենթարկել:

Ալիկ Սարգսյանն ասուլիսի ընթացքում պնդել է, որ իր աշխատակիցները չեն ծեծել երիտասրդներին, այլ հակառակը` Կոնգրեսի ակտիվիստներն են ծեծել ոստիկաններին:

Ալիկ Սարգսյանի խոսքով` իրենք ունեն տեսնայութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են ոստիկանության բաժնում ակտիվիստները խանգարում ոստիկանության աշխատակիցներին և հայհոյում նրանց:

Ու թեև ոստիկանապետը Կոնգրեսի երիտասարդներին չի համարում հանցագործ, բայց կարծում է, որ «եթե այսպես շարունակվի, նրանք կդառնան հանցագործ»:

Նշենք նաև, որ Ալիկ Սարգսյանն ասուլիսի ընթացքում վիրավորվել է, երբ լրագրողները նշել են, որ, այնուամենայնիվ, երիտասարդները պնդում են, որ ոստիկանները նրանց ծեծի են ենթարկել:

Սարգսյանը ևս մեկ անգամ ասել է, որ երիտասարդներին չեն ծեծել, այլ, հնարավոր է, բերման ենթարկվելիս, նրանք քերծվածքներ ստացած լինեն:

«Ով չի հավատում, դա իր պրոբլեմն է», – ասել է Ալիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Facebook սոցիալական ցանցում Գուրգեն Վիրաբյան օգտատերը տեսանյութ էր տեղադրել, որտեղ ձերբակալված երիտասարդները ցուցադրում են իրենց բազմաթիվ վնասվածքները:

Նա նշել է նաև, որ երեկ ինքը հանդիպել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի հետ, ովքեր ընդդիմություն-իշխանություն երկխոսության ընթացքում գլխավորում են երկու կողմերի պատվիրակությունները:

Ոստիկանապետի խոսքով` «կիրթ և քաղաքավարի» զրույցի ընթացքում նա Զուրաբյանին և Հարությունյանին ներկայցրել է իր ունեցած նյութերը:

Սարգսյանն ասել է, որ պատվիրակությունների ղեկավարները «տեսան և հասկացան»:

Tekali Taxi