Home / Հայաստան / Քաղաքապետը հանձնարարել է մինչև սեպտեմբեր ավարտել 266 կրպակների ապամոնտաժումը

Քաղաքապետը հանձնարարել է մինչև սեպտեմբեր ավարտել 266 կրպակների ապամոնտաժումը

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ամփոփվել են հուլիս ամսին մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների վերլուծության արդյունքներն ու գնահատականները:

Հատուկ ուշադրություն հրավիրելով ֆինանսական մուտքերի վրա` քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք իրականացնել հավաքագրման ցուցանիշներն ապահովելու մասով. «Ապառք ունեցող բոլոր տնտեսվարողները պարտավոր են կատարել վճարումները, այլապես հարցը կլուծվի դատական կարգով»,- ասել է քաղաքապետը:
Անդրադառնալով կրպակների ապամոնտաժման խնդրին` Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչև սեպտեմբեր ավարտել մայրաքաղաքի կենտրոնական և մյուս հատվածներում առկա ապօրինի և չգործող 266 կրպակների ապամոնտաժումը. «Այդ կրպակներում աշխատող սոցիալապես անապահով մարդկանց անպայման պետք է այլընտրանքային աշխատանք առաջարկվի և գտնվեն համապատասխան լուծումներ»,- ասել է Կարապետյանը:

Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան բոլոր վարչություններին հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, հավուր պատշաճի դիմավորելու նպատակով.

«Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները պետք է մեր հատուկ և մշտական ուշադրության կենտրոնում լինեն»,- շեշտել է քաղաքապետը` հանձնարարելով գրենական պիտույքներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել այդ երեխաներին: Հանձնարարվել է նաև լուրջ ուշադրություն դարձնել դպրոցների բակային և հարակից տարածքների բարեկարգմանն ու խնամքին. «Դրանք պետք է խնամված ու բարեկարգ լինեն ինչպես ուսումնական տարվա առաջին, այնպես էլ տարվա մյուս բոլոր օրերին»,- նշել է Կարապետյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Tekali Taxi