Home / Հայաստան / Ոստիկանապետի ասածն ակնհայտ և լկտի սուտ է, ասում է ՀԱԿ ակտիվիստը

Ոստիկանապետի ասածն ակնհայտ և լկտի սուտ է, ասում է ՀԱԿ ակտիվիստը

Օգոստոսի 9-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված և օգոստոսի 10-ին ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներից 3-ը` Արեգ Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Սահակ Մուրադյանը, երեկ ժամը 17:30-ի սահմաններում ազատ են արձակվել Ձերբակալվածների պահման վայրից, որից հետո շտապել են Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում էր մյուս 4 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սրագիս Գևորգյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը:

Արեգ Գևորգյանը ելույթ է ունեցել դատարանի շենքի մոտ հավաքված ՀԱԿ-ի անդամների առջև` նշելով, որ «անկախ էս տիպի էժանագին իշխանության կողմից իրականացվող փորձերից կանգնեցնել մեզ, վախացնել մեզ, մենք պայքարելու ենք մինչև վերջ, հասնելու ենք մեր ուզած երկրին»:

«Ինչ ուզում ա անեն, մեր դուխը չեն կարողանալու կոտրեն, ո’չ կիսահանցագործ ոստիկանները, ո’չ սերժիկները,  ո’չ դոդերը, ո’չ լֆիկները, ո’չ նեմեցները: Պայքար, պայքար մինչև վերջ»,- իր ելույթն այսպես է եզրափակել Գևորգյանը:

Դատարանի շենքի մոտ հավաքվածները մնացել են մոտ 5 ժամ` մինչև կեսգիշեր: Դատական նիստի ընթացքում ակտիվիստները վանկարկում էին`«Ստախոս ոստիկան», «Բարբարոսներ», «Ամոթ, ամոթ», «Ասացեք «ո’չ», խուլիգան ոստիկանությանը», «Ալիկ ստախոս», «Սերժիկ հեռացիր», «Սերժիկ մարդասպան», «Անսերժ, անռոբ Հայաստան», «Ազատություն»:

Ընթացքում երիտասարդները երգում էին նաև հայրենասիրական երգեր:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, դատական նիստի ընթացքում դատարանի շենք է մտել շտապ օգնության մեքենա, որն այնտեղ բավական երկար ժամանակ է անցկացրել: Մեր ունեցած տեղեկություններով` դատարանում վատացել է Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը:

Մեկ այլ շտապ օգնության խումբ էլ հրավիրվել է դատարանի բակ, որտեղ վատացել էր բողոքի ակցիայի մասնակից հրապարակախոս Լիզա Ճաղարյանը: Բժիշկները նրան դեղ են ներարկել, որից հետո Ճաղարյանի վիճակը կայունացել է:

Epress.am-ի հետ զրույցում դատարանի բակում գտնվող ՀԱԿ ակտիվիստ Աստղիկ Աղեկյանը տեղեկացրել է, որ երբ դատաարն են բերել երիտասարդներին, իրենք դատարանի շենքի հետնամուտքի մոտ ցանկացել են ողջունել տղաներին, սակայն մի քանի ոստիկաններ սկսել են քաշքշել հինգ կանանց և պահանջել են, որ նրանք հեռանան այդ տարածքից:

Ժամը 23.30-ի սահմաններում դատարանի դահլիճից դուրս է եկել Վահագն Գևորգյանը, ում ազատել են քաղաքից չբացակայելու ստորագրության դիմաց:

Epress.am-ի հետ կարճ զրույցում նա հայտարարել է.

«Ոստիկանապետի երեկվա ասուլիսում ասածն ակնհայտ և լկտի սուտ է: Դրան մենք դեռ կանդրադառնանք»:

Tekali Taxi