Home / Հայաստան / Սերժ Թանկյանը Սերժ Սարգսյանին պատմել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերի մասին

Սերժ Թանկյանը Սերժ Սարգսյանին պատմել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերի մասին

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Նշենք, որ «Թումո» կենտրոնը արտադպրոցական ծրագրեր է առաջարկում 12-ից 18 տարեկան պատանիներին, ովքեր գրանցվելով և դառնալով կենտրոնի անդամ ընտրում և սկսում են մասնագիտանալ ուսումնական հետևյալ ոլորտներից մեկում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թվային մեդիա: Ուսումնառության ընթացքում անհրաժեշտ միավորներ հավաքելու դեպքում պատանիները կներգրավվեն «Թումոյում» առկա նորաստեղծ ընկերությունների աշխատանքներում:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը բնական քիչ պաշարներ ունի և պետք է նախ՝ շատ զգուշորեն և խնայողաբար վերաբերվել այդ պաշարներին և երկրորդ՝ կարողանալ մտավոր ծառայություններ մատուցել և՛ մեր հասարակությանը, և՛ տարածաշրջանին, և՛ աշխարհին, ինչն անհնար է առանց այսպիսի կենտրոնների գործունեության: Նրա խոսքով` ինքը ոգևորված է կենտրոնի բացմամբ:

«Թումո» կենտրոնում Հանրապետության ղեկավարը հանդիպել է նաև ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ:

Զրույցի ընթացքում Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը: Երգիչը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանում կկայանա System of a Down խմբի համերգը:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Թումո կենտրոնի բացման առթիվ կազմակերպված համերգին, որի ընթացքում ելույթ է ունեցել Թանկյանը:

Tekali Taxi