Գլխավոր / Հայաստան / Երկխոսության ընթացքում խոստումներ չեն տրվում. պատվիրակության անդամ

Երկխոսության ընթացքում խոստումներ չեն տրվում. պատվիրակության անդամ

Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանական կոալիցիայի միջև երկխոսությունը շարունակվում է: Այս փաստն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում արձանագրել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, կոալիցիոն պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է երկխոսության ընդհատումը:

«Երկխոսության ընթացքում խոստումներ չեն տրվում, այդտեղ քննարկվում են իրավիճակներ, փորձում են գտնել լուծումներ առ այն, որ մեր երկրում կան բազում խնդիրներ, և այդ խնդիրների լուծման ամենալավ տարբերակը ուժերի համադրումն է», – ասել է Մինասյանը:

Գագիկի Մինասյանին լրագրողները հարց են ուղղել, թե արդյոք մինչև ուրբաթ հնարավոր է օգստոսի 10-ին ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների ազատ արձակումը, ինչին պատգամավորը խուսափողական պատասխան է տվել:

«Դա կախված է միայն իրավաբանական ընթացակարգերից: Ես հեռու եմ այդ ոլորտից և որևէ հստակ բան չեմ կարող ասել: Երեկ մենք անդրադարձել ենք այդ խնդիրներին, բայց էն խնդիրներին, որոնք գտնվում են հատուկ դրա համար ստեղծված պետական կառույցների գործառույթում, բնականաբար, չեն կարող անդրադառնալ», – ասել է ՀՀԿ-ական գործիչը:

Մինասյանը նշել է նաև, որ բանակցությունները ծանր ընթացք ունեն, սակայն կողմերի մոտ «կառուցողական ոգին է գերակայում», ինչը թույլ է տալիս բավական բարդ իրավիճակներում լուծումներ գտնել:

Նա ասել է, որ եթե իշխող կոալիցիայի պատվիրակությունը համաձայն լիներ ՀԱԿ-ի 87 էջանոց փաստաթղթի հետ, ապա պատասխան չէր պատրաստի: Նշենք, որ ՀՀԿ-ի պատասխանն ամփոփվել է 130 էջանոց փաստաթղթում, որը առաջիկա հանդիպումներին կներկայացվի ընդդիմության պատվիրակությանը:

Tekali Taxi