Գլխավոր / Հայաստան / Նաիրա Զոհրաբյանին խնդրել են պաշտպանել Տիմոշենկոյին ԵԽԽՎ-ում

Նաիրա Զոհրաբյանին խնդրել են պաշտպանել Տիմոշենկոյին ԵԽԽՎ-ում

Ուկրայինայի Գերագույն Ռադայի մի քանի պատգամավորներ նամակով դիմել են Հայաստանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանին, որպեսզի վերջինս միջազգային կարևորագույն ամբիոններից հանդես գա ի պաշտպանություն երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշել է, որ, իր տվյալներով, ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ժամանակ Տիմոշենկոյի կողմնակիցները պատրաստվում են վերջինիս ձերբակալման հարցը բարձրացնել:

«Նամակում բազմաթիվ հիմնավորումներ են ներկայացրել, որ Տիմոշենկոյի հանդեպ անարդար դատավարություն է ընթանում: Սակայն ես նոր եմ վերադարձել արձակուրդից, այժմ ուսումնասիրում եմ ուղարկված նյութերը, իսկ դրանք շատ մեծ ծավալի են: Առաջիկա օրերին խոստացել են, որ նյութերի ևս մեկ մեծ ծավալ կուղարկեն: Դրանք ուսումնասիրելուց հետո, ես, բնականաբար, պաշտոնական նամակ կհղեմ իրենց»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա նշել է նաև, որ, իր տեղեկություններով, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին քաղաքական հանձնաժողովում ևս քննարկում պետք է ծավալվի, իսկ այդ հանձնաժողովում Հայաստանի կողմից ներկայացված են ինքը և ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Tekali Taxi