Գլխավոր / Հայաստան / Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեղադրում են ամուսիններին Հայաստանում դեսպաններ նշանակելու համար

Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեղադրում են ամուսիններին Հայաստանում դեսպաններ նշանակելու համար

Հայաստանում ՄեծԲրիտանիայի դեսպանի պաշտոնում Ջոնաթան Ջեյմս Էյվսի ու Քեթրին Ջեյն Լիչի (ամուսնական զույգ) նշանակմանը նվիրված հոդվածում բրիտանական Daily Mail-ը գրում է, որ կառավարությունը «Բրիտանիան ծիծաղի առարկա է դարձնում»:

Հիշեցնենք, որ  համատեղ դեսպաններն իրենց պաշտոնը կստանձնեն 2012 թվականի հունվարին` փոխարինելով Չարլզ Լոնսդեյլին: Որոշվել է, որ դեսպանները պաշտոնը կզբաղեցնեն 4-ամսյա հերթագայությամբ, իսկ դադարի ընթացքում դեսպաններից մեկը կխնամի իրենց երեխաներին:

Հղում կատարելով դիվանագետ Արման Նավասարդյանին` Daily Mail-ը նշում է, որ Հայաստանում կարծիք կա, թե այս նշանակումը ցույց է տալիս, որ Միացյալ Թագավորությունն անլուրջ է վերաբերվում Հայաստանին, իսկ այն բանից հետո, երբ նախկին դեսպան Լոնսդեյլը ամուսնացավ Հայաստանում դեսպանատան ազգությամբ հայ մամուլի քարտուղարի հետ, տեղացի քաղաքական գործիչները բրիտանական դեսպանատունը անվանում են «սիրո դեսպանատուն»: Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ նման պրակտիկա կա միայն Զամբիայում, այնտեղ նույնպես ամուսնական զույգ է աշխատում դեսպանի պաշտոնում:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Արման Նավասարդյանը նշել էր, որ դեսպանները սովորաբար առաջին երկու տարում դեռևս փորձում են ճանաչել երկիրը և միայն երրորդ տարին է իսկապես արդյունավետ լինում նրանց համար:

«Եթե այդպիսի բան են անում, ով էլ որ լինի, ես, համենայնդեպս, որոշ վերապահումով եմ մոտենում դրան: Սա իմ անձնական կարծիքն է: Դրա մեջ ես ոչ լուրջ մոտեցում եմ տեսնում նշանակվող երկրի դիվանագիտության նկատմամբ: Ես համենայնդեպս շատ կասկածում եմ, որ նման բան նրանք իրենց թույլ տային Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում: Գրեթե համոզված եմ, որ թույլ չէին տա», – ասել է Նավասարդյանը:

Այս առնչությամբ Արտաքին հարաբերությունների գրասենյակի խոսնակն ասել է, որ համատեղ նշանակումը աշխատանքի ժամանակակից ձև է, որը կբարելավի դիվանագիտական գործունեությունը, մյուս կողմից` եթե ամուսինները միասին լինեն, դա կնվազեցի ճամփորդական ծախսերը, որոնք վճարվում են բրիտանացի հարկատուների գրպանից:

Հիշեցնենք, որ Էյվսը աշխատել է է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունում 1996 թվականից, իսկ Լիչը՝ 2000-ից: Մինչ այդ նրանք աշխատել են գիտական ասպարեզում և հասարակական կարծիքի հետազոտման ոլորտում: Նրանք երկարամյա փորձ և գիտելիք ունեն Հարավային Կովկասի և տարածաշրջանի պատմության, լեզուների և մշակույթի վերաբերյալ:

2006-ից 2011 թվականները աշխատել են Ճապոնիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ուր Էյվսը ղեկավարել է քաղաքական բաժինը, իսկ Լիչը Էներգետիկայի և շրջակա միջավայրի թիմի ղեկավարն է եղել:

Tekali Taxi