Գլխավոր / Հայաստան / ՖՈՏՈ – Ապստամբները գրավել են Լիբիայի մայրաքաղաքը, Քադաֆիի որդին ձերբակալված է

ՖՈՏՈ – Ապստամբները գրավել են Լիբիայի մայրաքաղաքը, Քադաֆիի որդին ձերբակալված է

Լիբիայում ամիսներ շարունակ կառավարության դեմ պայքարող ապստամբներն այսօր առավոտյան մտել են իշխանական ուժերի կողմից վերահսկվող երկրի մայրաքաղաք Տրիպոլի և այժմ գտնվում են քաղաքի կենտրոնում: Ապստամբներին հաջողվել է մտնել Տրիպոլի այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մուամար Քադաֆիին պաշտպանող զորքերը լքել են քաղաքը:

«Ալ Ջազիրայի» թղթակցի փոխանցմամբ `Լիբիայի մայրաքաղաքում այս պահին տոնախմբություն է անցկացվում: Ապստամբներն արդեն իսկ որոշում են կայացրել քաղաքի կենտրոնական հրապարակն անվանել «Նահատակների հրապարակ»: Լիբիացիները վանկարկում են` «Մենք ազատ ենք» և կրակում են Քադաֆիի նկարներով պաստառների վրա:


Ապստամբների առաջնորդներից մեկը հաղորդել է, որ Քադաֆիին և մայրաքաղաքը պաշտպանող ռազմական ուժերը լքել են իրենց առաջնորդին և քաղաքը:



ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն հայտնել է, որ ապստամբների և հյուսիսատլանդյան ուժերի միջև ոչ մի համապատասխանեցված գործողություն չի եղել:

«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, ռեժիմի տապալումն  է»,- AFP գործակալության հետ զրույցում հայտնել է Լունգեսկուն:

Ավելի վաղ ապստամբների առաջնորդները հայտնել են, որ Քադաֆիի որդի Սայֆ ալ-Իսլամը ձերբալվել է Տրիպոլիի արևմտյան հատվածում գտնվող գյուղում:

Դեռևս տեղեկություններ չկան Մուամար Քադաֆիի գտնվելու վայրի մասին: Հարկ է նշել, որ վերջին օրերին Քադաֆին մի քանի ռազմատենչ աուդիոհաղորդագրություններ էր հղում սեփական ժողովրդին, որտեղ կոչ էր անում նրանց չնահանջել: Վերջին հաղորդագրության մեջ նա հայտարարել էր, որ ընդդիմադիր ուժերը շարժվում են դեպի Տրիպոլի և զգուշացրել էր երկրի բնակչությանը, որ քաղաքը կարող է վերածվել երկրորդ Բաղդադի:


Նշենք նաև, որ Թունիսում գտնվող հազարավոր լիբիացիներ նույնպես դուրս են եկել փողոցներ` նշելու մայրաքաղաքի գրավումն ու իրենց ընկերների հաղթանակը:

Tekali Taxi