Գլխավոր / Հայաստան / Այսօր Հայաստանում շաքարավազը թանկացավ մոտ 20%-ով

Այսօր Հայաստանում շաքարավազը թանկացավ մոտ 20%-ով

Այսօր Հայաստանում շաքարավազի գինը զգալիորեն բարձրացել է: Ժամը 12:00-ի սահմաններում Epress.am-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես Երևանի Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետում տաղավարներից հավաքում են շաքարավազը: Հարցին, թե ինչ նպատակով է դա արվում, խանութի աշխատողները պատասխանել են, որ շաքարավազը թանկացել, և այժմ իրենք պատրաստվում են փոխել գնապիտակները:

Նախկին 360 դրամի փոխարեն «Կայզերում» շաքարավազի գինը դարձել է 430 դրամ:

Նշենք, որ «Կայզեր» սուպերմարկետը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամին, իսկ Ալեքսանյանը շաքարավազի մենաշնորհային ներկրողն է:

«Կայզեր» սուպերմարկետում գների բարձրացմանն արձագանքելով` Epress.am-ի թղթակիցը այցելել է նաև քաղաքի այլ խոշոր սուպերմարկետներ:

Շաքարավազի գինը նույնքանով բարձրացել է նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» ցանցի խանութներում:

«Սթար» սուպերմարկետների ցանցի խանութներում շաքարավազը նույնպես թանկացել է` 370-ից հասնելով 430 դրամի:

Ժամը 13:00-ի դրությամբ գներն առայժմ անփոփոխ էին «Ֆրեշ» և «ՍԱՍ» սուպերմարկետներում: «Ֆրեշում» 1 կգ շաքարավազի գինը 364 դրամ էր, իսկ «ՍԱՍ»-ում` 375:

Epress.am-ը կապվել է «Երևան Սիթի» սուպերմարկետների մամուլի պատասխանատուի հետ, ով, սակայն, նշել է, որ ինքը նման հարցերով չի զբաղվում, և խորհուրդ է տվել զանգահարել այլ հեռախոսահամարով: Մեր զանգին, սակայն, ոչ ոք այդպես էլ չի պատասխանել:

Չի հաջողվել նաև պարզաբանումներ ստանալ «Երևան Սիթի»-ի խանութի մենեջերից, ով «տեղում չէր»:

Epress.am-ի թղթակիցը զրուցել է նաև Էջմիածնի բնակչի հետ, ով նշել է, որ քաղաքի մի շարք խանութներում կեսօրից հետո  շաքարավազը նույնպես հասել է 430 դրամի:

Tekali Taxi